«Ադրբեջանին է փոխանցվել 108 մարմին՝ առաջին արցախյան պատերազմից». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ իր և Ադրբեջանի նախագահի հեռավար հանդիպմանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կարևոր քննարկված հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը։

«Դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ ես ուզում եմ իմ գնահատականի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի համար։ Հանդիպումից հետո, կարծում եմ, մի այսպիսի թյուր ընկալում եղավ, որովհետև մենք խոսել ենք պատերազմում, այսպես կոչված, անհետ կորածների ճակատագրի շուրջ և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։ Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4 հազար անհետ կորածներ, ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական տվյալներով՝ 777 անհետ կորածներ ունենք։

Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ ներկայացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։

Ընդ որում, ուզում եմ ասել, որ այս թեմայով Հայաստանի աշխատանքը սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության նիստում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո մենք ունենք 217 անհետ կորած, նրանց գտնվելու վայրն անհայտ է, այո, պայմանավորվածություն է  ձեռք բերվել նրանց ճակատագրի պարզման ուղղությամբ համագործակցել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում չենք հրապարակել, որ այդքան նմուշներ են վերադարձրել Ադրբեջանին, համարելով, որ դա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։

Նա ընդգծեց, որ շարունակելու են աշխատել, հույս հայտնելով, որ Ադրբեջանն էլ կոնկրետ քայլեր կիրականացնի։

«Մենք 108 մարմինները վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև մենք ճիշտ չենք համարել, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է դառնան։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ տարածքների քարտեզին, տալով առանց պայմանի, որպեսզի այն չդառնա սակարկության առարկա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս