«Որևէ մեկը Ալիևին չի ասում՝ քո այդ բռունցքը կբռնենք ու աչքդ կմտցնենք․ թող ժամանակին հաղթանակ տաներ, երբ պետության գլխին իսկապես ղեկավարներ էին կանգնած». Արծվիկ Սարգսյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացրած տարածքներում Ադրբեջանը սկսել է եկեղեցիների հայկական հետքը վերացնելու գործընթաց։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը՝ նշելով, որ մտադիր է ջնջել հայկական գրությունները կրոնական վայրերից։

Ադրբեջանն իր այդ քայլը հիմնավորել է նրանով, որ իբր եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, հին թագավորություն, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Տեսությունը, որը չեն պաշտպանում պատմաբանները, երկար ժամանակ քարոզվել է ադրբեջանցի ազգայնական պատմաբանների կողմից և ընդունվել Բաքվի ներկայիս կառավարության կողմից:

Ի դեպ,  հրապարակված թեմայի վերաբերյալ հրապարակված Eurasianet-ի հոդվածում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ասել է, որ իրենք այժմ որևէ մեկնաբանություն չունեն հարցի վերաբերյալ, սակայն բազմիցս ընդգծել են հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։

168.am-ի հետ զրույցում  Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ դեպի Շուշի բարձրացող ճանապարհի խաչմերուկից երևում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը թշնամին ծածկել է կանաչ ցանցով։

«Եկեղեցու վրայից հանել են գմբեթը, սարքել են իրենց մզկիթների նման։ Համացանցում նյութեր են տարածքում, թե «նորոգում են», զուգահեռ հայտարարում են, թե այն ալբանական եկեղեցի է, վերջերս էլ ուդիների էին բերել այնտեղ։ Սա էլ այն դեպքում, երբ սուրբ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանից 50 տարով մեծ է, երբ Ղազանչիներն այդ եկեղեցին կառուցում էին, Ադրբեջանը գոյություն չուներ։

Զզնչի գյուղ էլ կա, հետևաբար, եթե մենք այսօր լռենք, թշնամին դնելու է ու ամեն իր մի սուտ առաջ տանի։ Արտգործնախարարությունը, Մշակույթի նախարարությունը, կառավարությունը պետք է այս ամենի մասին բարձրաձայնեն, թույլ չտան, որ  Ադրբեջանը կեղծիք տարածի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ղազանչեցոց եկեղեցին թշնամին վերածելու է մզկիթի՝ հույս ունենալով, որ ադրբեջանցիները կգնան ու իրենց նամազն այնտեղ կանեն»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Նա նշեց՝ Ալիևի յուրաքանչյուր հայտարարություն սուտ է, սակայն Հայաստանի կողմից որևէ պատշաճ պատասխան չի ստանում։

«Որևէ մեկը չի ասում, որ քո այդ բռունցքը կբռնենք ու աչքդ կմտցնենք, թող ժամանակին հաղթանակ տաներ, երբ պետության գլխին իսկապես ղեկավարներ էին կանգնած։ Մեկը դրան չի ասում՝ այ ապուշ, կռվող էի՞ր, այն ժամանակ կռվեիր, ո՞ւմ փեշի տակ էիր մտել»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, թե Ադրբեջանի գործողությունները կառուցողական են, ավելին, երբ Արցախի առաջին ազատամարտում Հայաստանը հաղթանակել էր, հայկական կողմն էլ էր անում այնպիսի հայտարարություններ, ինչպես այսօր անում է Ադրբեջանը, Շուշիի քաղաքապետը նկատեց՝ եթե Ադրբեջանի կողմից եկող զառանցանքներին պատասխան չի տրվում, ՀՀ իշխանություններն ընդունում են, որ Ալիևը ճիշտ է, մինչդեռ այդպես չէ։

«Ըստ Նիկոլի, Ադրբեջանի կառուցողական քայլերը որո՞նք են, Շուշիի հայկական հետքի վերացո՞ւմը, հուշակոթողների ոչնչացո՞ւմը, հայկականության հետքի ոչնչացո՞ւմը։ Իշխանությունը թող բարձր ամբիոններից սրա մասին հայտարարի, ոչ թե ասի, թե Ադրբեջանը կառուցողական է։

Կան զոմբիներ, որ հավատում են, թե Արցախն ադրբեջանական է, հիմարները չեն մտածում, որ Արցախը որ կար, Ադրբեջան պետություն չկար։ Երբ մենք հաղթել էինք, մեզ երբևէ այսպես չենք պահել, թող Փաշինյանը ապատեղեկատվություն չտարածի։ Կամ՝ եղե՞լ է մի բան, որ մենք այն ժամանակ ասեինք, ու Ադրբեջանում ասեին՝ հայերը ճիշտ են։ Բայց այսօր Հայաստանում իշխանությունը միաբերան ասում է՝ Ալիևը ճիշտ է, ու ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։

Ես մի բան գիտեմ, սրանք Արցախը տալով՝ բացեցին մեր տան դարպասը, որ Արցախով կանգնեն՝ էլի լավ է, բայց տեսնում ենք, որ հիմա էլ աչքները Հայաստանին է»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս