Բաժիններ՝

Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

ԱԺ–ն բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամով: Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, նորից ավելացնել և 68 հազարի փոխարեն օրենքով ֆիքսել 100 հազար դրամ թիվը»,- ասաց Վարդանյանը:

Կառավարությունը իր ծրագրում ֆիքսել է, որ մինչև 2026 թվականը նախատեսում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ: Սակայն, պատգամավորը, նկատի ունենալով գնաճը, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումները, կարծում է, որ խելամիտ է նման առաջարկություն անելը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց, որ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 68 հազար դրամ, լիովին այլ տնտեսական իրավիճակ էր: «2019 թվականից հետո մենք ունեցանք կորոնավիրուս, պատերազմ: Եվ հիմա տնտեսական ակտիվության իրավիճակը տարբերվում է, համեմատելու տարբեր եզրեր են»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց նաև, որ նախագծում մակրոտնտեսական վերլուծություն չկա: «Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում բեռը դրվելու է տնտեսավարող սուբյեկտների վրա. ի՞նչ է անելու, տնտեսավարող սուբյեկտները պետք է մրցակցեն, առաջնահերթություն է նաև արտահանելու, շուկայում մրցակցային դառնալու հարցը, իսկ եթե ինքնարժեքը բարձրանում է, տնտեսավարողները հարցը լուծում են կարճ ճանապարհով՝ աշխատողների կրճատմամբ, գործազրկության աճով: Կարծում եմ՝ նման փոփոխությունը կբերի գործազրկության աճի»,- ասաց նա:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս