Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերն արդեն սկսել են ժամանել Լեհաստան
Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանեն լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորականներ։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։
«ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն է տալիս ՆԱՏՕ-ի արևելյան թևի համար սպառնալիքներին և վկայում է դաշնակցային պարտավորությունների հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին։ Զինվորները գործելու են մեր երկրի արևելա-հարավային մասում», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Twitter-ում գրել է Բլաշչակը:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցած չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: Նա ընդգծել է, որ ուժերն ուղղվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «դա արձագանք է ընթացիկ իրավիճակին, նրանք (ուղարկվող զինվորականները) չեն կռվելու Ուկրաինայում»:
Նրա խոսքով ՝ ուժերի ուղարկումն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։