Բաժիններ՝

«Գլխաշորով եկեղեցի մուտք գործելը պարտադիր պայման է ցանկացած կնոջ համար»․ Տ. Եսայի քահանա Արթենյան

Եկեղեցում մարդու կեցվածքի և վարքագծի հատուկ կանոններ կան, որոնք, իհարկե, դոգմաներ չեն, բայց եկեղեցու կանոնակարգի առումով դրանք կարևոր են, որովհետև շատ հաճախ մարդու արտաքինն արտացոլում է նրա ներքինը և հակառակը, ուստի ցանկալի է հետևողական լինել արտաքինին՝ հատկապես եկեղեցի այցելելիս, որովհետև մենք գալիս ենք հանդիպման Աստծո հետ: Ուստի մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը չենք կարող մեզ թույլ տալ անհարկի պահվածք և ոչ հարիր կեցվածք. «Երբ մենք գնում ենք հյուր, հետևում ենք տանտիրոջ կանոններին, հարմարվում՝ վարքուբարքին և, վերջիվերջո, նման ձևով մեր հարգանքն ենք դրսևորում տանտիրոջ հանդեպ, ուստի ամեն ոք եկեղեցի մտնելիս պիտի գիտակցի, որ նա եկել է Աստծո տուն և, եթե տեղյակ չէ կանոններին, ապա, ամենևին, ամոթ չէ հարցնել և լինել տեղեկացված:

Այդ կանոնների շարքից է նաև կնոջ՝ գլխաշորով եկեղեցի մտնելը, ինչը պարտադիր պայման է ցանկացած կնոջ համար: Ոմանք կարող են հակառակվել, ոմանք՝ չհամաձայնել, բայց եկեղեցին ունի կանոններ, որոնց պետք է հետևել:

Պողոս առաքյալը նշում է, որ մարդու գլուխը Քրիստոս է, կնոջ գլուխը` մարդը, և երբ կինն աղոթքի կանգնի, պետք է գլխաշոր կրի: Տղամարդը գլխաբաց է կանգնում, քանի որ մարդու իշխանությունը կնոջ նկատմամբ խոհրդանշում է Աստծո իշխանությունն արարածների հանդեպ, իսկ կինը գլխաբաց լինելով ներկայացնում է տղամարդուն, ով մեղավոր արարած է: Դրա համար էլ ծածկում է իր գլուխը, երբ կանգնում է Աստծո առաջ՝ օրինակ լինելով խոնարհության:

Այդուհանդերձ, մենք՝ հոգևորականներս, երբեք չենք ընդիմանում և եկեղեցուց դուրս չենք հանում այն կանանց, ովքեր գլխաբաց են եկեղեցի մտնում, որովհետև հասկանում ենք, որ շատերը, պարզապես, տեղյակ չեն այդ կանոններին»,- qahana.am–ի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս