Ժողովրդավարական բաստիոնի անդեմ ստրուկները
Հանրապետության նախագահի թեկնածուների շուրջ քննարկումների միակ իմաստն այն էր, որ այդ քննարկումներն անիմաստ էին։ Դրանք այն մասին էին, որ նախագահի անունը, ազգանունը, հասակը կամ սանրվածքը որևէ նշանակություն չունեն։ Կա միայն մեկ չափանիշ, որին պետք է բավարարի կամայական թեկնածուն. հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Այդ չափանիշին բավարարող ցանկացած մեկը կարող էր և կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը՝ անկախ նրանից, ավելի շատ նման է կլորավո՞ւն, թե՞ վարունգաձև բանջարեղենի։
Իրականությունն այն է, որ Հայաստանում հաստատվել և ամեն օրվա հետ ամրապնդվում է անձնակենտրոն իշխանություն, որի առանցքում մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս գործընթացը, ի դեպ, բացահայտում է այն կոդավորված տեխնոլոգիան, որով նա սկսել է իր քաղաքական գործունեությունը։ «Եվ այդ մեկ մարդը դու ես» արտահայտության տակ իրականում Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ միայն և բացառապես իրեն ու որպես վերջնանպատակ տեսնում էր Հայաստանում այդ մեկ մարդու իշխանության հաստատումը։ Եվ երկրում կատարվող գրեթե բոլոր գործընթացները ծառայում են հենց այդ նպատակին։
Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է տոտալ անդեմություն պետական ու հանրային կառավարման բոլոր համակարգերում, և նա հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։ Խորհրդարանն ու կառավարությունն այդ անդեմության իդիլիայի արտահայտությունն են։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որ որևէ տարբերություն չլինի, ասենք, Լուլուի, Վիգեն Խաչատրյանի կամ Վահագն Ալեքսանյանի միջև։ Եվ չկա այդպիսի տարբերություն։ Բոլորն էլ, ինչպես և նրանց տասնյակ այլ գործընկերները, գտնվում են անհեթեթության ու անբանականության նույն հարթությունում։ Կամ ի՞նչ տարբերություն՝ հերթական հակամիտքը հնչում է Վահան Քերոբյանի՞, թե՞ Անահիտ Ավանեսյանի կողմից։ Կառավարությունում սկզբունքը նույնն է՝ բոլորը պետք է համապատասխանեն միջին վիճակագրական անդեմության չափանիշին, և համապատասխանում են։
Նույն գործընթացը տեղի է ունենում նաև մյուս բոլոր ոլորտներում։ Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվում են Նիկոլ Փաշինյանին ստրկաբար չծառայողնե՞ր. փույթ չէ, անմիջապես քրեական գործեր են հարուցվում նրանց նկատմամբ։ Դատական համակարգում դեռևս մնացե՞լ են մի քանի անկախ դատավորներ. կրկին ոչ մի խնդիր, հարուցվում են հերթական քրեական գործերը։ Տարբեր դրսևորումներով, բայց բովանդակորեն նույն՝ անդեմացման ու անդեմության գործընթացները տեղի են ունենում գրեթե բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական ծառայությունից՝ մինչև իրավապահ մարմիններ, բուհական համակարգից՝ մինչև Երևանի քաղաքապետարան։
Խամաճիկային օրենսդիր ու գործադիր իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դիմազրկում է նաև պետական ու հանրային կառավարման մնացած բոլոր օղակները՝ դրանք ծառայեցնելով սեփական անձնակենտրոն իշխանության հաստատմանը։ Գործընթացի հիմքում ընկած է նույն կոդավորված սկզբունքը՝ Հայաստանում պետք է լինի մեկ մարդու իշխանություն, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ ահա պետական ու հանրային կառավարման համակարգերի խամաճիկացումն ընթանում է «մենք բոլորս Նիկոլ Փաշինյան ենք» սկզբունքով։ Եվ միանգամայն բնական է, որ դա տեղի է ունենում անդեմացման միջոցով, որովհետև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ու բարոյական անդեմության կենդանի մոնումենտ է։
Հարություն Ավետիսյան