«Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք մերօրյա հերոսներ են». լույս է տեսել հետախույզ Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը
Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։
Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում, հրատարակել է Newmag-ը:
«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերվում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչև կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին»,-ասաց Սարգիս Ստեփանյանն ու հավելեց, որ մենք ազգովի հոգեպես վիրավորված ենք և վերականգնման կարիք ունենք, ուստի յուրաքանչյուրս պետք է ուժեղ լինի, ինչը կօգնի ոտքի կանգնել:
Ստեփանյանը խոստովանեց, որ մարտական գործողություններ իրականացնելիս ծանր վիրավորվելուց և ոտքերն ու ձեռքը կորցնելուց հետո կարողացել է ապրել կյանքի, ընտանիքի, ժողովրդի հանդեպ սիրո շնորհիվ:
Դավիթ Դավթյանի խոսքով՝ գիրքը դժբախտություն ապրած ընտանիքներին թույլ կտա տեսնել, որ կա լուրջ դժվարություններ հաղթահարած մարդու կենդանի օրինակ, որն ապրում է մեր կողքին: «Փորձել եմ անկեղծ լինել: Այս գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային պատմությունն է, նրա կյանքն ու գործունեությունը: Ցանկացել եմ, որ ընթերցողը ոչ միայն հաճույք ստանա կարդալիս, այլև գտնի այն ճանապարհը, որով կարող է ավելիին հասնել: Այդ առումով Սարգիս Ստեփանանը անգերազանցելի օրինակ է»,-շեշտեց գրքի համահեղինակը:
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ գիրքը գրելու և լույս ընծայելու առաջարկն իրենցն է: «Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք մերօրյա հերոսներ են: Նրանք անում են աշխատանք, որն օրինակելի է: Նման մարդիկ խրախուսման կարիք ունեն: Այս նախագիծը մեր շնորհակալությունն է Սարգիս Ստեփանյանին իր կատարած աշխատանքի համար»,-նշեց Ալեքսանյանն ու հավելեց՝ երբ կարդացել է գիրքը, ամաչել է իր խնդիրներից և ամաչել, որ մտածում է դրանց մասին: «Երբեմն մեզ պետք են օրինակներ, որ հասկանանք, թե որքան կարևոր է կյանքը»,-եզրափակեց նա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավորվելուց հետո Սարգիս Ստեփանյանն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ մեծատառով մարդ է և օժտված լուրջ մարդկային հատկանիշներով՝ ընկերասիրությամբ, մեծի նկատմամբ, ծառայակից ընկերների նկատմամբ հարգանքով: «Նա հիանալի զավակ է, ամուսին ու հայր: Սարգիս Ստեփանյանը ծառայել է հատուկ նշանակության ստորաբաժանումներում և ծառայության առաջին իսկ օրվանից մինչև նույնիսկ վիրավորվելն ու հետո մեծ ներդրում է ունեցել բանակի կատարելագործման ու զարգացման, հատկապես զինծառայողների անհատական պատրաստության գործում»,-շեշտեց Օհանյանը:
Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:
Գրքի շնորհանդեսը ուղեկցվեց նաև ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ:
Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է: