Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, Արմեն Գևորգյանն էլ առցանց մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին. Դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, Քոչարյանը՝ որպես կոնտակտավոր, կորոնավիրուսի թեստ է հանձնել և չի ներկայացել այսօրվա դատական նիստին։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ ամբաստանյալների բացակայության պատճառով։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին չեն ներկայացել ոչ Քոչարյանը, ոչ Գեւորգյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռավար կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է դատարանը, նախորդ նիստից տեղյակ լինելով,որ պարոն Գևորգյանը պետք է մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, այսօր դատական նիստ նշանակել»,- նշեց պաշտպանը։

Ամբաստանյալների բացակայության հիմքով՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին, ժամը՝ 13.00-ին։ Միևնույն ժամանակ, եթե Ռոբերտ Քոչարյանի մոտ հայտնաբերվի կորոնավիրուսային վարակ, դատական նիստի օրը կտեղափոխվի։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս