Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի
2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրության տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիայի արտաքին պարտքը շարունակում է արագորեն աճել։
Կենտրոնական բանկի տվյալները հետևյալն են.
– 2021 թվականի նոյեմբերի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի արտաքին կարճաժամկետ պարտքի չափը նվազել է 6.7 տոկոսով և կազմել 53.5 մլրդ դոլար, իսկ մյուս հատվածների կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 25.4 տոկոսով և կազմել 44.5 մլրդ դոլար։
– Բանկերի կողմից օգտագործված կարճաժամկետ վարկերը 2020 թվականի վերջի համեմատ նվազել են 7.5 տոկոսով և կազմել 12.6 միլիարդ դոլար։ Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, առանց բանկերի, աճել են 0.2 տոկոսով և կազմել 15.2 մլրդ դոլար, իսկ ոչ ռեզիդենտ բանկերի ավանդներն աճել են 16.2 տոկոսով և կազմել 15.4 մլրդ դոլար։ Բացի այդ, ոչ ռեզիդենտների՝ թուրքական լիրայով ավանդները նախորդ տարվա վերջի համեմատ նվազել են 32.5 տոկոսով և կազմել 10.4 մլրդ դոլար։
– Այլ ոլորտների ներմուծման պարտքերը 2020 թվականի վերջի համեմատ աճել են 32.4 տոկոսով և կազմել 39.4 միլիարդ դոլար։