Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ նշանավորվեց մի շարք գործնական պայմանավորվածություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին:
Էմիրաթական «Մասդար» ընկերությունը, որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է, արդեն իսկ սկսել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «Այգ-1» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2019թ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում: Դեռևս այն ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ այս ծրագիրը մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է, և միասին հնարավոր է շատ ավելին անել։
Հայաստանի նախագահն օրերս ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպելով «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերեց Հայաստանում ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ:
Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների ծրագրերը ենթադրում են մեծածավալ ներդրումներ: Դրանք ունեն նաև կարևոր ռազմավարական նշանակություն՝ երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Այս ծրագրերը կնպաստեն նաև Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն:
Նախագահն ԱՄԷ այցի ընթացքում «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ քննարկել է նաև հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները, մասնավորապես խոսվել է լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ կայանի հնարավոր կառուցման մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:
Ընդհանուր առմամբ, Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ԱՄԷ ևս մեկ գործնական քայլ է արաբական աշխարհի հետ հարաբերությունն ավելի սերտացնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: