«Քաղաքապետը պետք է ինքը գա, հանդիպի, ոչ թե մենք պետք է գնանք». «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները հույս ունեն, որ որոշում կփոխվի
«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում նոյեմբերի 11-ից շինաշխատանքները մեկնարկել են, չնայած այն հանգամանքին, որ գործը քննվում է դատարանում:
Բնակիչները պնդում են՝ Երևանի քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը:
Ի թիվս բազմաթիվ դատական գործընթացների` ընթացքի մեջ է գոյություն չունեցող նկուղի հիմքով պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործի քննությունը: Բնակիչների պնդմամբ՝ զավթվել է հանրային տարածքը՝ կանաչ հրապարակը, որն ապօրինաբար օտարվել է 2005 թվականին՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով: Դատական հերթական նիստը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 8-ին:
Գիտավանի բնակիչ Վահրամ Ասատրյանը մեզ հետ զրուցյում հայտնեց, որ փորձում են իրավական ճանապարհով հասնել արդարության:
Հարցին՝ արդյոք բնակիչները փորձելո՞ւ են հանդիպել Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, գուցե նաև քննարկումների արդյունքում որոշումը փոխվի՞, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Միշտ հույս ունենք, որ որոշումը կփոխվի, որովհետև այնքան մեծ էներգիա գոյություն ունի այս թաղամասում, հնարավոր չէ սա քանդել. այնպիսի աշխարհահռչակ գիտնականներ են այցելել այստեղ: Նրանք մնացել են, մասնակցել քննարկումների, այսինքն՝ կարևորել են: Իսկ եթե որպես պետություն՝ պետք է ուզեն մեր այս արժեքները քանդել՝ թող քանդեն: Այս պետությունը հո մենակ ի՞մը չէ: Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Ինչ վերաբերում է նորանշանակ քաղաքապետին, ապա ինքը պետք է գա, հանդիպի, ոչ թե մենք պետք է գնանք»:
Հավելենք, որ ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
Եվ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է հուշարձանի կարգավիճակից հանվել, ովքե՞ր են փորձագետները, նախարարությունից տեղեկացրել էին, որ 2021թ. մարտին ԿԳՄՍ նախարարություն է դիմել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ կից ներկայացված փաթեթով հայտնելով, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած տարածքի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող 1976 քմ հողամասը ընկերությունը ձեռք է բերել 2018 թ.՝ սեփականության իրավունքով և ունի 12 հարկանի բնակելի շենքի կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը: Հողամասի կառուցապատման համար փորձաքննություն անցած և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը նույնպես առկա են, որոնց հիման վրա դեռևս 2006 թվականից տրամադրված է եղել ճարտարապետա-հատակագծային առաջադրանք:
Միաժամանակ, ըստ ներկայացված տեղեկատվության, նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ արժանացել է դրական եզրակացության։ Բացի դրանից, թեմայի վերաբերյալ անցկացվել են հանրային լսումներ, հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում:
«Հայտնում ենք, որ նախարարությունը տեղեկացված չի եղել նշված հողակտորում այլ սեփականատերերի և իրականացվող ծրագրերի իրականացման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստացած լինելու մասին և, հիմք ընդունելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի՝ 2021 թ․ մարտի 4-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները, սեփականատիրոջ իրավունքները և այդ իրավունքները հաստատող փաստաթղթերը, և այն հանգամանքը, որ բոլոր թույլտվությունները ձեռք են բերվել տարածքին հուշարձանի կարգավիճակ շնորհվելուց առաջ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ քննարկվող տարածքը ծանրաբեռնված չէ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած համալիրի մաս կազմող որևէ շինությամբ, այսինքն՝ պատմամշակութային նշանակություն ունեցող որևէ շինություն չի տուժելու, քանի որ բացակայում են հնագիտական շերտեր, փորձագիտական հանձնաժողովը որոշել է հավանություն տալ գիտավանի նոր լրամշակված սահմանների փոփոխությանը՝ հանելով ընդհանուր տարածքից (42.41 հա) «ՌԱՏԿՈ» ՍՊ ընկերությանը պատկանող 1976 քմ տարածքը»,- պատասխանել են նախարարարությունից: