Ինչո՞ւ Հայաստանի դրոշը չկար. Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների  բարձրացրած հարցերին և  հնչեցրած գնահատականներին՝ բոլորովին վերջերս Մոսկվայում կայացած Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման մասին, որոշ փակագծեր բացեց:

«Նախ՝ հատուկ բանագնաց չէ. հատուկ ներկայացուցիչ է, երկրորդը՝ հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ՝ գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևիցե պաշտոնի, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որն ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ»,- ելույթի նախաբանում պարզաբանեց Ռ. Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահին, որն այդ պաշտոնից զատ՝ ստանձնել է այլ գործառույթներ,  զարմացրել էր նաև ընդդիմադիր գործընկերների բարձրացրած մեկ այլ հարց,  թե ինչու է նա ԱԺ բյուջեով գործուղվել Մոսկվա հայտնի հանդիպմանը մասնակցելու:

«Ի՞նչ, պետք է ծրարով փող ստանայի-գնայի՞: Ի՞նչ է, ԱԺ-ն ինչ-որ առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞:  ԱԺ նախագահը լիազորություն ունի  ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր»,- ասաց նա:

Նկատենք, սակայն,  այս հայտարարությամբ ակամա տպավորություն ստեղծվեց, թե ԱԺ նախագահն է Ռուբեն Ռուբինյանին գործուղել Մոսկվա:

Ի վերջո, Հայաստանի հատուկ ներկայացուցիչն անդրադարձավ նաև դրոշի բացակայության մասին քննարկումներին՝ հեգնելով՝ «քննարկումների մակարդակը»:

«Ասում եք՝ ինչո՞ւ է մեքենան դրոշով  եղել: Պատասխանեմ՝ որովհետև մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում, նաև երկու հատուկ ներկայացուցիչներն ունեցել են երկկողմ հանդիպումներ ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ։ Եվ որին, որքանով ես եմ տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ։ Եվ այն մեքենան Թուրքիայի դրոշով,  որ դուք տեսել եք, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է»,- ասաց նա:

Զարմանալի է, որ Ռուբեն Ռուբինյանը շրջանցեց,  թե ինքն ու իրեն ուղեկցողներն ինչ մեքենաներով էին գնացել հանդիպման վայր. տեսանյութից հստակ երևում է մեքենաների կարմիր գույնի համարանիշները, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական:

Հատուկ ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածության մասին հնչող հարցերը ևս զարմացրել էին ԱԺ փոխխոսնակին. նա հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունում, որը բարձրաձայնում է այդ հարցերը, փորձառու մասնագետներ կան, որոնք նաև պաշտոններ են զբաղեցրել, հետևաբար՝ նրանց համար պարզ պետք է լիներ, թե ինչպես են նման գործընթացներն ընթանում:

Ի դեպ, հատուկ ներկայացուցիչն անհիմն համարեց հայտարարությունները, թե ամեն բան իմացվում է թուրքական կողմից՝ նկատելով. «Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը այս համատեքստում՝ Արտգործնախարարությունը, չի տեղեկացրել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տեղից հնչեցրած դիտարկումը՝ Վրաստանի վարչապետից փոխանցված առաջարկի մասին, Ռուբինյանը թողեց անպատասխան և միայն չհիշելու իմիտացիայով արձագանքեց. «Ի՞նչ Վրաստանի վարչապետ, ի՞նչ եք խոսում»:

«Եվ վերջինը, որ դուք ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ. Ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք:

Եվ ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի՞ տոկոսն է եղել գաղտնի և քանի՞սն են եղել բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան՝ բաց։ Օրինակ,  նույն «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք,  ըստ ձեզ՝ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք.  ո՛չ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։

Հարց՝ արդյո՞ք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև, և  ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին.  որովհետև այն, ինչ դուք անում եք, ներողություն եմ խնդրում, բայց երեսպաշտության տպավորություն է ստեղծում»,- եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը:

Տեսանյութեր

Լրահոս