Ժամանակակից սեր. մեզ կապեցին Նյու Յորքը և հոթ-դոգերը
168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական պատմության հերոսը, ով չցանկացավ ներկայանալ և չնշեց սիրելիի անունը, վերջինիս հետ ծանոթացել է դպրոցում, կորցրել նրա հետ կապը շուրջ տասը տարի, և վերագտել է նրան և սիրահարվել Նյու Յորքում…
«Ես և արդեն կինս դպրոցական ընկերներ էինք: Չեմ կարող ասել, թե շատ մտերիմ էինք, բայց ընդհանուր հետաքրքրություններ ունեինք, մեկս մյուսի համար հաճելի զրուցակիցներ էինք: Մեր զրույցները սկսվում և ավարտվում էին դասամիջոցին՝ կարճ ու հիշարժան: Հերթական դասամիջոցի ժամանակ պարզեցինք, որ երկուսս էլ երազում ենք Նյու Յորքում լինել: Այդ պահին, երբ բուֆետից նոր էինք դուրս եկել և երկուսս էլ հոթ-դոգ էինք ուտում, որոշեցինք՝ մի օր միասին գնալ Նյու Յորք՝ հոթ-դոգ ուտելու: Ես իրենից երկու տարի մեծ եմ: Դպրոցն ավարտելուց հետո բանակ գնացի, դրանով մեր միջև կապը կտրվեց: Զորացրվելուցս անմիջապես հետո Մոսկվա տեղափոխվեցինք ընտանիքով: Բոլորովին մոռացել էի դպրոցական ընկերոջս մասին, հետագայում պարզեցի՝ ինքն էլ ինձ: Նույնիսկ միմյանց գտնելու փորձ չենք արել:
Մոսկվայում խոհարարական դասընթացների էի մասնակցում: Մի մրցույթում հաղթեցի և առաջարկ ստացա Նյու Յորքում բնակվող մի ռուս բիզնեսմենից, ով ռեստորանների ցանց ունի: Ընդունեցի առաջարկը, մեկնեցի Նյու Յորք:
Եթե չգիտեք, Նյու Յորքի Կենտրոնական այգու ամենապոպուլյար ուտեստը հոթ-դոգն է: Դե ես էլ, որպես Հայաստանում մեծացած տղա, հոթ-դոգ շատ եմ սիրում: Իմ և կնոջս ճակատագրական հանդիպումը հենց Կենտրոնական ագյում է տեղի ունենում՝ հոթ-դոգի ավտոմեքենայի առջև: Ինքն էլ եկել էր արվեստի դպրոցում սովորելու:
Ամուսնացանք, երեխա դեռ չունենք, շուն ենք պահում, աշխատում ենք և այա պատմությունը միշտ հաճույքով հիշում ենք»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան