Ալեքսանդր Ազարյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ Դատավորների միության նախագահ ընտրվեց
168.am-ն այսօր արդեն տեղեկացրել է, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները նաև Դատավորների միության նախագահ պիտի ընտրեն:
Թեկնածուների թվում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որին սատարում է դատավորների «անկախական» թևը, և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ով վայելում է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հովանավորությունը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ ձայների բացարձակ մեծամասնությամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ:
Քվեարկությանը մասնակցած 184 դատավորներից Ալեքսանդր Ազարյանը ստացել է 140 կողմ ձայներ։ Ելիզավետա Դանիելյանի օգտին քվեարկել է 44 դատավոր։
Հիշեցնենք, որ մինչ այդ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով, և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով: