Այս կապիտուլյանտ իշխանության յուրաքանչյուր օրն աղետ է. Գագիկ Մինասյան

«Այս խայտառակ պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, չափազանց վտանգավոր է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ, որովհետև ակնհայտ է, որ այս հարաբերությունների ժամանակ Թուրքիային շատ բան կներվի, եթե նա կողմնորոշվի դեպի ՌԴ-ն, և նույնը կարելի է ասել Ադրբեջանի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական գործիչը համոզված է՝ կապիտուլյանտ իշխանության յուրաքանչյուր օրը  մեր պետության համար աղետ է, ինչն այս իրավիճակում առավել ակնառու է դառնալու. «Որովհետև այս ցայտնոտային իրավիճակում պետք է չափազանց լուրջ, հեռանկարային և վստահելի պետություն ղեկավարող քաղաքական ուժ, իսկ այս քաղաքական ուժն ապացուցել է, որ ինքն ամեն ինչ է, բացի պետություն ղեկավարող ուժից.  այն համաձայնողական մի կառավարություն է դարձել պատերազմից հետո, որը համաձայնում է բոլոր կողմերից ներկայացվող պահանջներին՝ ՌԴ-ից կլինի այդ պահանջը, Թուրքիայից, Ադրբեջանից, ցանկացած առաջարկության այո է ասվում՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա պետության համար:

Իրենց նպատակը մեկն է՝ գոնե մեկ օրով ավելի մնալ իշխանության, որովհետև իրենք գիտեն, որ բոլոր այն ավերածությունների համար, որոնք իրականացրել են ազգի ու պետության գլխին, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»:

Գագիկ Մինասյանը հավելեց, որ առողջ քաղաքական ուժերի համար սա լուրջ մարտահրավեր է, որովհետև եթե նախկինում այս իշխանությանը վռնդելու մի քանի ամսվա ուշացումը կարող էր էական չլինել, այժմ խնդիրը մի քանի շաբաթվա հաշվարկով է:

Տեսանյութեր

Լրահոս