Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը
Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով:
Այդ մասին հաղորդել է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաեւ պլանավորում է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:
Ավելի վաղ ՔԱԿ-ը հաղորդել է, որ հունվարի 13-ին Ալմաթիի օդանավակայանը կսպասարկի տեղական ավիաընկերությունների ութ ավիաչվերթները մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ, որը արտակարգ դրության շրջանակներում սահմանվել էր անկարգությունների պատճառով, օդանավակայանի աշխատանքը կիրականացվի 08:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւկանի ժամանակով 06:00-ից մինչեւ 19:00-ն):
Դրա հետ մեկտեղ անվտանգության ապահովման նպատակներով թույլատրված է թերմինալ մուտք գործել միայն ուղեւորներին: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը հունվարի 12-ին հաղորդել է որ ամենօրյա չվերթները Մոսկվայի եւ Ալմաթիի միջեւ կվերսկսվեն հունվարի 14-ից: Ալմաթիի օդանավակայանն անկարգությունների մասնակիցների հարձակմանն էր ենթարկվել հունվարի 5-ին, բայց այդ նույն երեկոյան էլ հարձակումը հետ է մղվել: Արտակարգ դրության ռեժիմի գործողության սկսվելուց ի վեր օդանավակայանն սպասարկել է օդուժի չվերթները՝ քաղաք հասցնելով ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմին, իսկ ավելի ուշ՝ Ալմաթիից տարհանվող Ռուսաստանի քաղաքացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: