«Զուգարանից դուրս ենք գալիս, խոհանոցում ենք լվացվում, օր են հատկացնում, մեզ տանում են ծերանոցի մասնաշենք, լողանում ենք, մրսելով բերում են»․ անօթևանները դժգոհ են նոր օթևանի պայմաններից

168.am-ն ահազանգեր է ստանում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանից Երևանի թիվ մեկ խնամքի տուն տեղափոխված շահառուներից: Նրանք պնդում են` թեև նախարարությունը կազմակերպել է իրենց տեղափոխումը, սակայն հատկացված մասնաշենքում վերանորգման աշխատանքները նոր են մեկնարկել:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռ հունվարի 3-ին էր արձանագրել, որ թիվ 1 ինտերնատի՝ Վարդաշենի կացարանի նախկին շահառուների համար նախատեսված մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։

«Մասնավորապես, թեև նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք, մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:

Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։ Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։ Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից»,- նշվել էր ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Զուգարանները երկուսն էլ քանդված են: Մենք շվարած մնացել ենք, չգիտենք՝ ինչ անել՝ ո՛չ կարողանում ենք լողանալ, ո՛չ կարողանում ենք լվացվել: Զուգարանից դուրս ենք գալիս, խոհանոցում ենք լվացվում: Օր են հատկացնում, մեզ տանում են ծերանոցի մասնաշենք, լողանում ենք, մրսելով բերում են:

Ներողություն եմ խնդրում, բայց այդ տարրական պայմանները թող բավարարեին, նոր մեզ բերեին: Ընդունում եմ, էս մարդիկ մեզ ընդունեցին, ես իրենցից դժգոհ չեմ, բայց չի կարելի այսպես»,- պատմեց շահառուներից մեկը, որը տեղեկացրեց՝ ունի օնկոլոգիական խնդիրներ:

Ի դեպ, մեր զրուցակիցը խոսեց նաև երեկ 168.am-ում հրապարակված շահառուներից մեկի մահվան դեպքի մասին:

«Մեկին էլ բերել են, այստեղ մահացել է՝ ինչ-որ ասում են՝ հենց առաջին գիշերը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը միջադեպին ականատես չի եղել, սակայն տեսնողներ եղել են, որոնք այս պահին իրենց մասնաշենքում չեն:

Շահառուն նաև անդրադարձավ խնամքի կարիք ունեցողների խնդիրներին՝ շեշտելով՝ թեև իրենց կցված են խնամողներ, սակայն անուշադրության են մատնված:

«Ինձ են շան տեղ դնում, ուր մնաց՝ անկողնայիններին շան տեղ չդնեն: Մեր շահառուներից մեկը դիմել է սոցաշխատողին, ասել է՝ խնդրում եմ, ինձ տեղափոխեք:

Այստեղ ձեռնափայտով կին կա, երեք օր է՝ դեղ է ուզում, ասում են՝ մենք չունենք, դուք գրանցված չեք,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դժգոհ է նաև սննդից,- Ես այստեղ միայն հաց եմ ուտում, ցամաք հաց: Ես թեյն էլ չեմ խմում»:

«Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, չեմ ուզում այստեղ ապրել. սա իմ տեղը չի, խնդրում եմ, ինձ օգնեք»,- ասաց մեկ այլ շահառու՝ նշելով, որ չի ցանկանում շատ բան պատմել հեռախոսով:

Հիշեցնենք, որ 168.am-ը երեկ զրուցել էր Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժ/պ Կոլյա Մակարյանի հետ՝ տեղեկանալու Վարդաշենի կացարանի նախկին շահառուների ճակատագրի, արձանագրված մահվան դեպքի մանրամասների մասին:

Կոլյա Մակարյանի զբաղվածության պատճառով մեր հարցերին պատասխանել էր այդ պահին կացարանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը, որը վստահեցրել էր, որ բոլոր շահառուներին տեղափոխել են, սնունդն ապահովված է, այժմ փորձում են լուծել իրենց աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրները:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք լուծում են ստացել ՄԻՊ բարձրաձայնած խնդիրները՝ նա նշել էր. «Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է. մեզ խոսք են տվել տասնօրյա ժամկետում այդ բոլորն իրականացնել: Շահառուների կեսին տեղավորել ենք մեր հիմնական բաժանմունքներում, մնացածներին՝ անօթևանների կենտրոնում»:

Նախարարության աշխատակցից հետաքրքրվել էինք նաև՝ տեղյա՞կ է արդյոք այդտեղ գրանցված մահվան դեպքի մասին, նա պատասխանել էր. «Քանի որ Կոֆոեդ հիմնադրամում բնակվել են 65 տարեկանը լրացած, 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցած անձինք, որոնք իրավունք չունեին այնտեղ բնակվելու. իրենք պետք է ուղեգրված լինեին տուն-ինտերնատ, սակայն պահել են, որոնց մեջ եղել է նաև անկողնային վիճակում ապրող շահառու: Նրան տեղափոխել ենք շտապօգնության մեքենայով, և հենց այդ գիշերը մահացել է: Տնօրենը դիմել է ոստիկանություն, դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռևս չկա»:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում տեղեկացրել էին՝ ահազանգը ստացել են բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխված է եղել դին. «Այս պահին մեզ մոտ նյութեր են նախապատրաստվում. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չենք ստացել»:

168.amը կանդրադառնա նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Տեսանյութեր

Լրահոս