ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հունվարի 12-ի նիստը լինելու է ոչ ֆորմալ
Հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով համաձայնեցված հանդիպում չկա, նիստը լինելու է ոչ ֆորմալ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:
«Նա (ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը) միանգամայն իրավացի է: Բանն այն է, որ դա լինելու է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով ոչ ֆորմալ նիստ»,-Գրուշկոն ասել է լրագրողներին, մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ նախօրյակին արված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների է մեկնում առանց համաձայնեցված օրակարգի: Նա նշել է, որ դա կապված է այն բանի հետ, որ «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում ՆԱՏՕ-ի ոչ բարեկամական գործողությունների հետեւանքով այսօրվա դրությամբ ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չկա»:
«Ճիշտ այդպես չկա նաեւ որեւէ կառույց, որը նախատեսված լինի այդ տեսակի նիստ նախապատրաստելու համար, այդ թվում՝ օրակարգի մշակումը. դրանց աշխատանքը սառեցված է ՆԱՏՕ-ի կողմից»,-հավելել է փոխնախարարը: Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան ելնում է այն բանից, որ ռուսաստանյան պատվիրակության ելույթների կենտրոնում լինելու են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այդ մասին ծանուցված է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: