Toyota-ն առաջին անգամ ամերիկյան ավտոշուկայի առաջատարն է դարձել տարվա արդյունքներով
Toyota Motor Corp.-ը պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականին առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների վաճառքների գծով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ General Motors Co.-ից:Toyota-ն վաճառքները Միացյալ Նահանգներում մոտավորապես 10 տոկոսով ավելացրել է 2020 թվականի համեմատությամբ՝ հասցնելով 2,3 միլիոն ավտոմեքենայի: Մինչդեռ GM-ի վաճառքները անկում են արձանագրել գրեթե 13 տոկոսով եւ կազմել 2,2 միլիոն ավտոմեքենա:
GM-ն, Automotive News-ի տվյալների համաձայն, ամերիկյան ավտոշուկայի առաջատարն է մնացել 1931 թվականից:
Toyota-ի հաջողությանը մեծապես նպաստել է ավտոմոբիլային էլեկտրոնիկայի համար կանխապես միկրոչիպեր պահեստավորելու որոշումը՝ դրանց դեֆիցիտի սկսվելուց առաջ, քանի որ ճապոնական ընկերությունը մյուսներից ավելի շուտ է շեշտը դրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների պահանջարկի վերականգնման վրա, գրում է The Wall Street Journal-ը: Մինչդեռ Toyota-ի ղեկավարությունը մտադիր չէ պահպանել առաջատարի դիրքերն ամերիկյան շուկայում:
«Ցանկանում եմ պարզաբանել իրադրությունը. դա մեր նպատակը չի եղել, եւ մենք չենք կարծում, որ նման իրավիճակը կպահպանվի երկարաժամկետ հեռանկարում»,-ասել է Հյուսիսային Ամերիկայում Toyota-ի ավագ փոխնախագահ Ջեկ Հոլիսը:
ԱՄՆ-ում ավտոմոբիլների ընդհանուր վաճառքները 2021 թվականին, J.D. Power հետազոտական ընկերության կանխատեսման համաձայն, կազմել են գրեթե 15 միլիոն:
Դա փոքր-ինչ ավելի է, քան 2020 թվականին էր, բայց զգալիորեն ավելի պակաս, քան դրանից առաջ, երբ հինգ տարի շարունակ մեկ տարում գրանցվել է 17 միլիոն ավտոմեքենայի վաճառք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: