Նոր տարվա հենց առաջին աշխատանքային օրը պաշտոնանկ է արվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշման մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի հունվարի 3-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա հունվարին՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի օրոք։

Նկատենք, որ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում մշտապես աչքի էր ընկել լրագրողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով։ Երբ խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակում եղավ, հենց նա էր ուղղորդում և ցուցումներ տալիս անվտանգության աշխատակիցներին, թե որ մասում թողնեն լրագրողներին, որ մասում՝ ոչ։ Ավելին, երբ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում էր, նա էր անվտանգության աշխատակիցներին հրահանգում լրագրողներին դուրս հանել լրագրողական օթյակներից, որպեսզի նկարահանումներ չկատարեն ու չֆիքսեն այն, ինչ կատարվում էր խորհրդարանի նիստերի դահլիճում։ Իսկ վերջին շրջանում նա պարզապես խորհրդարանի միջանցքներում կարգադրում էր լրագրողներին դիմակ կրել։

Տեսանյութեր

Լրահոս