
Բեղերից ստացված գործվածքից պիջակ է ստեղծվել

Տղամարդկանց հագուստի ավստրալական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ-Պասսին ստեղծել են Mo-Hair կոստյումը՝ բեղերից ստացված յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։
«Գլխի մազերը իսկապես գեղեցիկ են: Բայց ինչ վերաբերվում է մարմնի մազերին, շատերը դրանք վանող են համարում: Ինձ շատ է հետաքրքրում այն ամենը, ինչը գեղեցիկի ու զզվելիի համադրություն է, դա վախեցնում է մարդկանց»,- ասել է Կլեմենտ-Պասսին:


Գործվածքում օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր: Դրանք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների թափոնները: Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերը։
Հեղինակները նշում են, որ կոստյումը հարմար չէ առօրյայում կրելու համար: Այն ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված ամենամյա Movember միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։