Բաժիններ՝

Հռոմի պապը նշել է ամուսնության մեջ 3 կարևորագույն բառերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:

85-ամյա պոնտիֆիկոսն ամուսնացած զույգերին կոչ է արել ավելի շատ երեխաներ ունենալ՝ Իտալիայի ժողովրդագրական անկումը բեկելու համար:

Նշենք, որ Իտալիայում գրանցվել է աշխարհում ամենացածր ծնելիության ցուցանիշներից մեկը:

«Միգուցե մենք չենք ծնվել բացառիկ, առանց խնդիրների ընտանիքում, բայց մեր ընտանիքը մեր պատմությունն է: Բոլորը պետք է մտածեն՝ դա իմ պատմությունն է: Դրանք մեր արմատներն են. եթե կտրենք դրանք, կյանքը կչորանա», – ասել է Հռոմի պապը:

Կաթոլիկների հովվապետը նշել է, որ համավարակով պայմանավորված արգելափակումները և կարանտինները ստիպել են ընտանիքներին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին:

«Մինչ այդ առկա խնդիրները սրվել են՝ առաջացնելով կոնֆլիկտներ, որոնք որոշ դեպքերում դառնում են գրեթե անտանելի։ Շատերն անգամ անցել են հարաբերությունների խզման միջով»,- ասել է Հռոմի պապը՝ զույգերին հիշեցնելով, որ ծնողների բաժանությունը չափազանց ծանր է երեխաների համար, որոնք ծնողներին ընկալում են որպես սիրո, վստահության և ուժի կայուն աղբյուր:

Նա կրկնել է այն գաղափարը, որը հաճախ օգտագործել է ընտանիքների և ամուսնական զույգերի հետ հանդիպելիս՝ թվարկելով ամուսնության երեք ամենակարևոր բառերը՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն»:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ գիշերը քնելուց առաջ չհաշտվելը հաջորդ առավոտ կարող է հանգեցնել «սառը պատերազմի»:

«Քանի անգամ, ցավոք, կոնֆլիկտները ծագում են տան պատերի ներսում՝ երկարատև լռության և անզուսպ եսասիրության պատճառով: Երբեմն դա նույնիսկ ավարտվում է ֆիզիկական և բարոյական բռնությամբ։ Սա խաթարում է ներդաշնակությունը և սպանում ընտանիքը»,-ասել է նա։

Նա նաև ընտանիքներին հորդորել է ճաշի սեղանի շուրջ ցած դնել իրենց բջջային հեռախոսները և խոսել: «Ցավալի է ճաշի ժամանակ տեսնել ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր բջջային հեռախոսով է զգաղված, չեն խոսում միմյանց հետ, բոլորը խոսում են բջջային հեռախոսով», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս