«Միակ բանը, որն այս խումբը չի կարողացել անել, այն է, որ Արցախը միանգամից ու ամբողջովին չեն հանձնել Ադրբեջանին». Լարիսա Ալավերդյան

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ամփոփելով 2012 թվականը՝ նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից այսօր հստակ է, որ Հայաստանը բաժանված է երկու ճամբարի։

«Առաջին ճամբարում իշխանությունն է և իր ամբողջ քաղաքականությունը, որը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական, ցեղասպանական, ռազմավարական նպատակները, և բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար կանգնած են այս իշխանության պաշտպանության դիրքերում։

Երկրորդ ճամբարում հայ ժողովուրդն է, ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև համայն հայությունն է։ Առաջին ճամբարի հատվածի համար, որն ամենափոքր հատվածն է հայության մեջ, 2021 թվականը եղել է իրենց մեծ ծրագրերի ու նպատակների տարի, նրանք նվաճումներ են ունեցել։

Միակ բանը, որն այս խումբը չի կարողացել անել, այն է, որ Արցախը միանգամից ու ամբողջովին չեն հանձնել Ադրբեջանին։ Այսօր Հայաստանում չկա այնպիսի իրավունք, որին ամենատարբեր մակարդակներով ու ծավալներով այս իշխանությունը չհակազդի։

Սա ոչ թե ոտնահարում ու խախտում է, ո՛չ, նրանք ամբողջովին Ալիևի նման հակազդում են միջազգային իրավունքին՝ առհասարակ, և մարդու իրավունքներին՝ մասնավորապես։

Եթե վերցնենք առանձին դեպքեր, ապա տեսեք, մարդու անձեռնմխելիության իրավունքը և ազատությունն ամբողջովին դուրս են նետված հայկական իրողությունից։ Խոսքի ազատության ոտնահարումը ԶԼՄ-ների նկատմամբ ստացել է այնպիսի չափեր, որի մասին խոսելու համար մեկ ամբողջ օր չի բավականացնի։ Վերջապես կարևորագույն իրավունք՝ մարդու կյանքի իրավունք, սկսած ամենածանր թեմայից՝ ռազմագերիներից, որոնց մի մասն ուղղակի հանձնվել է թշնամուն տարածքների հետ մասին»,- նշեց Լարիսա Ալավեդյանը։

Ըստ նրա, իշխանության այս խումբը և պետական կառավարման բոլոր լծակներն ուղղակի խնդիր ունեն ոչնչացնելու Հայաստանի պետականությունը։ Նա նաև ընդգծեց, որ 2021 թվականի միակ նվաճումն այն էր, որ հայ ժողովուրդը դիմադրում էր այս իշխանությանը։

«Մենք ունենք զարգացող կենտրոններ, որոնցից պետք է սովորել։ ՄԻՊ ինստիտուտից ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից պետք է սովորել։ Կարծում եմ՝ անգամ հասարակության մեջ գնահատված չեն այն նյութերը, որոնք բարձր պրոֆեսիոնալ մակարդակով պատրաստվում ու տարածվում են ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից։ Երկրորդը՝ Արցախի մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններն են՝ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը։

Ցավոք, պետք է ասեմ, որ մեր ազգային խնդիրների լուծման տեսանկյունից որևէ շոշափելի արդյունք չունեցանք 2021 թվականին։

2022 թվականին մենք բոլորս պետք է հստակեցնենք, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ազգային խնդիրների լուծման տարի լինի»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ցանկացած ժողովրդի ճակատագիր տվյալ ժողովրդի ձեռքերում է, և ցանկացած ազգի մեջ կա որոշակի խավ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը՝ ազգային ինքնության պահպանության, պետականության վերականգնման ու զարգացման համար։

«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ մեր շարքերն ուժեղացնելով։ Իմ խոսքը մասնավորապես վերաբերում է երկու խավի․ առաջինն ակադեմիական շրջանակներն են՝ գիտնականներ, դասախոսներ, ինժեներներ, երկրորդը՝ յուր ազգին պահելու, պաշտպանելու խավը և երիտասարդությունն է, որը չպետք է զոհ դառնա և պետք է իր ձեռքը վերցնի ապագայի ճակատագիրը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս