Կարիք ունեի մարդկանց մեջ հույս արթնացնել, մարդիկ ինձ շնորհակալություն են հայտնել, որ հույսի աղբյուր եմ եղել իրենց համար․Վահան Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճի մասին
Եթե ունենայինք նորմալ գնաճ, շատ մոտ կլինեինք երկնիշ աճին, աճի հաշվարկի մեջ դժվար էր կարծել, որ մենք կունենանք այսպիսի գերբարձր, ահռելի գնաճ։ Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև ներկայացրեց շարժառիթները, թե ինչու էր վստահեցնում, որ գրանցվելու է երկնիշ տնտեսական աճ։
«Նախ ուզում եմ հիշեցնել՝ նախարար եմ դարձել նոյեմբերի 26-ին, առաջնագծից հետ եկա, ինձ թվաց խելագար քաղաքում կամ միջավայրում եմ․ կնոջից սկսած իմ բոլոր ընկերները գտնվում էին շոկի մեջ, կարող եմ ասել՝ առաջնագծում ամեն ինչ շատ ավելի քիչ սթրեսային էր։ Պատերազմի դաշտում իրականում տեսնում են միայն այն, ինչ կատարվում է իրենց դիմաց և շատ քիչ են ենթարկվում տեղեկատվական ջրհեղեղին կամ ցունամիին։ Բնականաբար պետք էր փորձել մարդկանց էդ նեգատիվի միջից հանել, որովհետև տնտեսական աճ կարելի էր ստեղծել միայն լավատեսության շնորհիվ, անհնար էր մարդկանց, գործարարներին ուղղել դեպի ստեղծագործ հուն, եթե ամեն ինչ շատ վատ է, ամեն ինչ շատ սև է», -ասաց նա։
Վահան Քերոբյանն ընդգծեց, որ կարիք ուներ առաջին հերթին մարդկանց մոտ արթնացնել հույս՝ առ այն, որ մեր երկիրը ապագա ունի, չնայած ինքն անձամբ էլ վստահ է եղել, որ, անպայման, կհաղթահարեն ձախորդ օրերը։
«Այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը էականորեն կարող էր լավացնել տնտեսական վերելքի հնարավորությունը և, իմ կարծիքով, այդպես էլ եղավ․ տարվա ընթացքում բազմիցս մարդիկ մոտեցել են և շնորհակալություն են հայտնել, որ դժվար պահին հույսի աղբյուր եմ եղել իրենց համար։ Եվ նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ պատրաստվում էին արտագաղթել և միայն իմ օպտիմիստական խոսքը լսելիս իրենց որոշումը փոխել են կամ որոշումը հետաձգել են, հետո էլ պարզ է դարձել, որ ամեն ինչ այդքան վատ չէ ինչքան թվում էր 2020թ-ի նոյեմբերին»,-շեշտեց նախարարը։