Փաշինյանը փորձում է «ֆռռցնել» Պուտինին. Փաշինյանը հանձնեց Ղարաբաղն ամբողջությամբ. Տարասով
«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն՝ լռում եմ, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:
«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն»,- նշել էր Փաշինյանը:
Նաև հավելել էր․«Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ, որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ: Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելո՞ւ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական էին լինելու»։
Սրան ի պատասխան՝ Արցախի խորհրդարանը հայտարարություն էր տարածել՝ վրդովմունք արտահայտելով հնչած մեկնաբանությունների կապակցությամբ:
«Անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»,- նշված էր հայտարարությունում:
Գնահատելով Փաշինյանի հայտարարություններն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ Տարասովն ասաց, որ Փաշինյանը հանձնեց Ղարաբաղն ամբողջությամբ, սա համապատասխանում է ադրբեջանական սցենարին:
Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավոր չէ իրականացնել սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա կամ ստորագրել Խաղաղության համաձայնագիր, ուստի Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն այս գործընթացում կարևոր հանգրվան էր:
«Նա դուրս է գալիս Ղարաբաղյան խաղից և այդ հարցը թողնում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի «ուսերին», իսկ Ադրբեջանը բախվում է Ղարաբաղյան անկլավի խնդրին, նա ստիպված է նոր կոնցեպցիա ընդունել, հարցն այն է, որ պարզապես Ղարաբաղի հայերին ինտեգրել չի հաջողվի, Բայրամովն ասում է, որ դա երկարաժամկետ գործընթաց է: Տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղն անջատվում է Հայաստանից, Ղարաբաղը՝ Ստեփանակերտը, կոմունիկացիա է ունենալու Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, այս ամենի հետևանքով կարող է ստանալ Սան Մարինոյի ստատուս, ինքնավարություն որոշակի իրավունքներով, բայց Ադրբեջանի կազմում: Սա է Փաշինյանի պրոյեկցիան, որն իրականացնում է:
Ոչ պատահականորեն, միաժամանակ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, հրաժարվում է երկու ուղղությունից, քանի որ Թուրքիան պայման է դրել, որ պատրաստ է դիվանագիտայան հարաբերություններ հաստատել, եթե հայկական կողմը հրաժարվում է Արևմտյան Հայաստան տերմինից և փոխում է դիրքորոշումը 1915 թվականի Ցեղասպանության հարցում: Նա հանձնում է բոլոր դիրքորոշումները, դիրքերը: Հայաստանի 30-ամյա պատմությունը ի չիք դարձավ»,- այս կարծիքին է Տարասովը:
Անդրադառնալով այս ամենի վերաբերյալ ՌԴ դիրքավորմանը, ռուս վերլուծաբանն ասաց, որ ՌԴ դիրքորոշումները Հայաստանի և իրավիճակի վերաբերյալ փոխվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո:
Նրա խոսքով, Ռուսաստանը շատ զգուշավոր է, քանի որ Հայաստանը երկակի չափանիշների քաղաքականություն է վարում:
«Մի կողմից՝ խոսում է սահմանների դեմարկացիայի մասին, Սոչիում փաստաթուղթ է ստորագրում, Պուտինին խոստանում է, որ եռակողմ հանձնաժողովը սկսելու է աշխատանքը, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ պայմանավորվում է, որ ինչ-որ խումբ է աշխատելու այդ հարցով: Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է այնտեղ լինելու գլխավորը: Կամ մեկ այլ հանգամանք՝ սկզբից Ղարիբաշվիլիի միջոցով պայմանավորվում է, գաղտնի բանակցություններ վարում Էրդողանի հետ, երբ Էրդողանը հրաժարվում է Մոսկվային շրջանցելով բանակցություններ վարել, սկսում են հայտարարել, թե դա Մոսկվայի հետ են համաձայնեցրել, հիմա հեռախոսային բանակցություններ են վարում, բանագնացներ են նշանակել, իսկ ՌԴ-ն դեմ չէ գործընթացին, հայտարարել էր միջնորդության պատրաստակամության մասին, բայց ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ այդ միջնորդությունը չկա պարզապես»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Փաշինյանը երկակի ստանդարտներ է կիրառում և փորձում է «ֆռռցնել» Պուտինին: «Բայց կարող է «խաղալ», վերջիվերջո, հանձնում է ամեն ինչ»,- նկատեց նա:
Շարունակելով պարզաբանել ռուսական դիրքորոշումը և տարածաշրջանում դիրքեր զիջելու հանգամանքը, Տարասովը նշեց, որ Ռուսաստանը ՀՀ-ն համարում է անկախ պետություն:
«Մենք երբեք հանդես չենք եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեմ, ներկայումս հայերը դեռ թույլ դիրքեր ունեն, մենք կողմ ենք կարգավորմանը, մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուժի դիրքերից են հարաբերվում: Նրանք են պայմաններ թելադրում, Հայաստանն անշահավետ դիրքերից պաշտպանական մարտեր է վարում, և որպեսզի թագավորական գամբիտը հնարավոր լինի վերածել ցուգցվանգի՝ մեծ վարպետություն, փորձ է հարկավոր, իսկ տղաները գավառական են: Ալիևը խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն՝ լռում եմ, իսկ տղաները «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- ասաց նա:
Տարասովն ասաց, որ այս ամենը նման ընթացքով նշանակում է, որ կես տարուց թուրքական տնտեսությունն այնպես կտարածվի Հայաստանով մեկ, որ «Երևանը կխոսի ոչ թե անգլերենով, այլ թուրքերենով, իսկ ռուսերենը Երևանում մոռացել են, թուրքերը կստիպեն սովորել թուրքերեն, ես դա լավ գիտեմ»: