ԱՄՆ-ում կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը դրական COVID-թեստով անախտանիշ հիվանդների համար

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) դեկտեմբերի 27-ին կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետը՝ տասից մինչեւ հինգ օրի հասցնելով այն անձանց համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ ունեն, բայց հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այդ մասին հաղորդել է Axios ինտերնետ-պորտալը:

Նաեւ մինչեւ հինգ օր կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետն այն անձանց համար, որոնք շփվել են կորոնավիրուսով ախտահարվածների հետ: Ինքնամեկուսացման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո ե՛ւ անախտանիշ հիվանդները, ե՛ւ COVID-19-ով հիվանդների հետ շփված մարդիկ պետք է եւս հինգ օր խստորեն պահպանեն դիմակային ռեժիմը:

Axios-ը պարզաբանել է, որ ինքնամեկուսացման ժամկետը կրճատելու որոշումը թելադրված է այն աշխատակիցների աճող պակասով, որոնք հարկադրված են եղել ինքնամեկուսացվել ԱՄՆ-ում օմիկրոն շտամի տարածման ֆոնին:

Ինչպես հայտարարել է CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին, դա հաշվեկշիռը գտնելու փորձ է՝ նկատի առնելով կորոնավիրուսի մասին գիտելիքները եւ խթանիչի պատվաստման արշավը:

Նաեւ ինտերնետ-պորտալը հիշեցրել է, որ անցած շաբաթ ինքնամեկուսացման ժամկետը տասից մինչեւ յոթ կրճատվել է այն բուժաշխատողների համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, բայց չունեն հիվանդության ախտանշաններ: Միացյալ Նահանգներում անցած շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է օմիկրոնով վարակման դեպքերի թիվը. այդ շտամը գերիշխող է դարձել երկրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս