Նազելի Բաղդասարյանի ուսանող հարսը ստանձնել է Գյումրիի քաղաքապետարանի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը. ՔՊ-ն գրավում է քաղաքապետարանը
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններին Գյումրիում տեղի ունեցան բուռն իրադարձություններ: Իշխող ուժի տոտալ շանտաժի պայմաններում հաղթող ճանաչված «Բալասանյան» դաշինքը կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ պահանջելով փոխքաղաքապետերի և վարչության պետերի առանցքային պաշտոններ:
Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում նշանակվել են վարչությունների պետեր:
Ամենաուշագրավն այն է, որ Ալբերտ Մարգարյանը, որին մինչև ՏԻՄ ընտրություններ 15 օրով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձրեցին, նշանակվել է քաղաքապետի խորհրդական:
Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանը նախկինում Գյումրու քաղաքապետարանի շինարարության վարչության պետն էր, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հոր ընկերը, ով քաղաքապետի ժ/պ նշանակվելուց հետո կադրային ջարդ էր սկսել քաղաքապետարանում:
ՔՊ-ի պարտությունից հետո Ալբերտ Մարգարյանը հեռացել էր, սակայն, փաստորեն, վերադարձավ՝ զբաղեցնելով այն նույն պաշտոնը, որն իրեն խոստացել էր իր ընկերոջ տղան՝ նախկին մարզպետ, ՔՊ-ական Հովհաննես Հարությունյանը, ով այսօր Տարածքային կառավարման նախարարությունում փոխնախարար է:
Շիրակի ներկայիս մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինն էլ՝ Անի Քոչարյանը, որը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է, ստանձնել է քաղաքապետարանի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս-Գյումրի» սրճարանում մենեջեր աշխատող, այս իշխանությունների ակտիվ երկրպագու Վահան Ձվակերյանը, ով նախկինում մոլի ՀՀԿ-ական է եղել, նույնպես պաշտոն է ստացել Գյումրիի քաղաքապետարանում:
Վերջինիս կնոջ հայրը, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում գրավատների հայտնի տեր, «Լեյլո» արարողությունների սրահի սեփականատեր Սնարն է:
Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ազատվել է նաև քաղաքապետարանի գովազդի բաժնի պետը՝ ճանապարհ բացելով հերթական ՔՊ-ականի համար:
Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ գյումրեցիները ձայն չտվեցին ՔՊ-ին, սակայն ստացան ՔՊ-ականների կառավարում՝ շնորհիվ «Բալասանյան» դաշինքի: