ՔՊ-ական խորհրդականներից մեկը քաղաքապետարանի աշխատակից  կնոջն ասել է` հին ցուցանակը հանիր, կախիր վզիցդ

Գյումրիի քաղաքապետարանում նորանշանակ պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանն անցել է «պատժիչ» գործողությունների։

Հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Գյումրիում և մասնավորապես` քաղաքապետարանում։

168.am-ի` Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ, հոկտեմբերի 12-ին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի հոր ընկերը` Ալբերտ Մարգարյանը, ժամը 15:30-ին  գալով քաղաքապետարան, շատ արագ աշխատանքից ազատել է քաղաքապետարանի երկարամյա աշխատակիցներից մեկին` Լենա Ջիլավյանին։ Վերջինս աշխատանքից հետո գնացել է տուն, զանգել ասել են, որ հետ գնա ու հավաքի իրերը։

Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի` բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեցող խորհրդականին ևս ազատել են աշխատանքից։

Ընդհանրապես թույլ չեն տվել շենք մտնել կրթության վարչության աշխատակիցներից մեկին։

Հաջորդ օրը ազատվելու հերթը հասնում է նախկին քաղաքապետի ընդունարանի աշխատակցուհուն, որը իբր թե թերացել է իր աշխատանքում ու նոր ժ/պ-ի ցուցանակը չի կախել աշխատասենյակի պատին։ Սա՝ ըստ քաղաքապետարանի նոր տերերի։ Իրականում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նոր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ խորհրդականներից մեկն այդ կնոջն ասել է` հին ցուցանակը հանիր, կախիր վզիցդ։

Առհասարակ նշված ՔՊ-ական 2 խորհրդականները, ըստ մեր տեղեկությունների, ցուցակով են քաղաքապետարանի աշխատակիցներին թույլ տալիս շենք մտնել. ովքեր շարունակելու են աշխատել՝ մտնում են, մյուսներին թույլ չեն տալիս։

Այս խորհրդականները նաև թույլ չեն տալիս, որ սև ցուցակում հայտնված աշխատակիցները հանդիպեն նորանշանակ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի հետ։

Մեզ ասացին` քաղաքապետարանում անտանելի մթնոլորտ է, մարդիկ սարսափով են սպասում ազատման իրենց հերթին։

Գյումրիում զարմացած են, որովհետև Ալբերտ Մարգարյանը քաղաքում բավականին լավ վարկ է ունեցել, և մարդիկ զարմացած են, որ այս կադրային տեռորը հենց նա է իրականացնում։

Եվ թեպետ մենք գրել էինք, որ ՔՊ-ական մարզպետ, քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը մոտ 80 հոգու գործ է խոստացել քաղաքապետարանում, մարդիկ ապշած են, որ Ալբերտ Մարգարյանը համաձայնել է, որ այդ ամոթալի մաքրումը իր միջոցով կատարվի, որ նա իր ընկերոջ որդու համար գնացել է այդ քայլին ու մտել այդ կեղտոտ խաղի մեջ։

ՔՊ-ականներն առհասարակ կորցրել են իրականության զգացումը և իրենց PR-ի հետևից ընկնելով, չեն էլ նկատում, որ ծիծաղի առարկա են դառնում։

Այսպես` մեզ ասացին, որ տեսախցիկների առկայությամբ արդեն 3-րդ անգամ Գյումրիում բացվել է Բարեկամության այգին։ Դրան մասնակցել են մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բացի դրանից, ՔՊ-ականները չեն խորշում նաև օրենքներ խախտելուց։ Մեր տեղեկություններով՝ Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենը, ով ավագանու թեկնածու է, ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին՝ առանց արձակուրդ գնալու։

Իսկ Կադաստրի պետական կոմիտեի  Շիրակի մարզային ստորաբաժանման աշխատակիցներից մեկը, ում անունն այս պահին չենք հրապարակում, բժշկի թուղթ է ներկայացրել աշխատավայր, սակայն մասնակցում է քարոզարշավին։ Նա ևս ավագանու թեկնածու է։ Այսինքն՝ կարելի է պայքարել կեղծ պատվաստման թուղթ տվող բժիշկների դեմ, բայց խնդիր չէ, երբ բժիշկը հիվանդության կեղծ թուղթ է տալիս։

Տեսանյութեր

Լրահոս