Սամվել Բալասանյանին շանտաժի՞ են ենթարկում

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը, հաղթահարել է ևս 3 կուսակցություն։

Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետը և որ կուսակցությունից, դեռևս վերջնականապես հստակ չէ, քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ օրենքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ: Նշենք, որ իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 33 տեղերը կբաշխվեն 5 քաղաքական ուժերի միջև. ամենամեծ խմբակցությունը կունենա գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած «Բալասանյան դաշինքը», երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», երրորդը՝ «Զարթոնք» կուսակցությունը, վերջերս ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։

Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում իշխանական ճամբարում և ի՞նչ պլաններ են փորձում իրագործել իշխանությունները՝ պարտվելուց հետո Գյումրիի քաղաքապետի պաշտոնը վերցնելու ուղղությամբ:

Եվ այսպես. հոկտեմբերի 11-ին տված իր ասուլիսի ընթացքում Շիրակի մարզի դատախազը, թվում է, թե մի սովորական հայտարարություն արեց, սակայն վերջին ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի` Գյումրիում գրանցած պարտության ու հնարավոր հետընտրական զարգացումների ֆոնին այն բավականին ուշագրավ տողատակ ունի։

«Սև բերդ» ամրոցի հարակից հողամասերի օտարման գործընթացի իրավաչափությունն է ստուգվում, թե ինչպես է օտարվել։ Այս պահին ստուգումն իրականացվում է»,- ասուլիսում ասել էր մարզի դատախազը։

Սև բերդ ամրոցը, ինչպես հայտնի է, հանդիսանում է Սամվել Բալասանյանի սեփականությունը։ Ու հիմա, երբ փաստացի կարծես թե որևէ բողոք չկա, դատախազությունն այդ տարածքի վերաբերյալ հանկարծ ուսումնասիրություն է սկսում։

Գյումրիում էլ, ըստ 168.am-ի տեղեկությունների` ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքին» տառացիորեն շանտաժի են ենթարկում, որ եթե վերջիններս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը չզիջեն քաղաքապետի պաշտոնը, ապա դատախազությունն առավել ակտիվությամբ կզբաղվի իրենցով։

Ավելին, իշխանական ֆրակցիայի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի շրջապատում աջ ու ձախ հայտարարում են, որ եթե Բալասանյանն իրենց չտա քաղաքապետի պաշտոնը, ապա Սև բերդ ամրոցը նրա ձեռքից կխլեն։

Ի դեպ, Գյումրիում բոլորը գիտեն, որ Սամվել Բալասանյանը ժամանակին այդ ամրոցը գնել է գործարար Հայկ Հայրապետյանի ընտանիքից, վերջինս էլ իր հերթին՝ այն բավականին անմխիթար վիճակում ձեռք էր բերել ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Գյումրիում ասում են` սա պարզ շանտաժ է, որպեսզի Սամվել Բալասանյանը գնա զիջումների ու քաղաքապետի պաշտոնը տա իշխանության քաղաքական ուժի թեկնածու Հովհաննես Հարությունյանին։

Այս սցենարի հեղինակը, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննես Հարությունյանը, Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանն են, ովքեր ուզում են փրկել իրենց ու ՔՊ-ի դեմքը Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ըստ էության քավության նոխազ դառնալու ու Նիկոլ Փաշինյանի ցասմանն առերեսվելու սարսափը միավորել է ոխերիմ «բարեկամներին»։

Եվ, ըստ էության, նրանք դրա համար գործի են դնում ամենաեղկելի եղանակները` բացահայտորեն մարդուն ստիպելով իրենց ուզածը անել` հակառակ դեպքում սպառնալով խլել իրեն պատկանող սեփականությունը։

Այս խոսակցությունների ֆոնին ուշագրավ է, որ ՔՊ-ական Համլետ Մուսինյան անունով մեկը երեկ տարբերակներ էր առաջարկել կոալիցիա կազմելու, և, բնականաբար, բոլորը հօգուտ ՔՊ-ի։

Տեսանյութեր

Լրահոս