«Չենք ասում՝ կճանաչե՞ք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի». Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ո՞րն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից:

«Պահանջից ո՞ւմ»,- առցանց ասուլիսի ժամանակ վերոնշյալ հարցին այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Լրացմանը, թե՝ Թուրքիայի նկատմամբ Ցեղասպանության ճանաչման պահանջից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայկական կողմը երբեք Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման…ՀՀ բոլոր իշխանությունները առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել: Չի եղել այդպիսի բան երբևէ»:

Հաշվի առնելով, թերևս, որ Նիկոլ Փաշինյանը հարցը շրջանցեց, այն ևս մեկ անգամ կրկնվեց՝ հնարավո՞ր է հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ իրենց իշխանությունները կրկնել են 1990-ականների սկզբից ձևակերպված նախադասությունը՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:

«Այսինքն, չենք ասում՝ այ կճանաչե՞ք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի: Այդպիսի պահանջ երբևէ չի եղել: Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ կառավարության ծրագրում մենք մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել ենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս