Եթե մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք․ Փաշինյանը՝ Ադրբեջանի ԵԱՏՄ դիտորդության մասին
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդության հնարավորությանը՝ նշելով, որ տեղի ունեցող բոլոր զարգացումները փոխկապակցված հարցեր են։
Ուստի, ըստ Փաշինյանի, եթե Ադրբեջանի հետ բանակցությունները բնական զարգացում և շարունակություն են ունենալու, և իրենք տեսնելու են հեռանկարը հարաբերությունների ընդհանուր կարգավորման, ապա դա թեմա է, որն իրենք, իհարկե, լրջորեն կդիտարկեն։
«Այսինքն՝ բոլոր դեպքերում կդիտարկենք, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի, և Ադրբեջանը նման ցանկություն հայտնի ՝ բոլոր դեպքերում կդիտարկենք, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, խոսակցության շարունակության վեկտորից, ուղղությունից, ընթացքից, որի մասին ես ասում եմ։ Այսինքն՝ ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև նախ հարցը պաշտոնական սեղանին չէ, բայց, եթե նույնիսկ սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից։ Եթե մենք տեսնենք՝ գնում ենք, և դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացել՝ բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ Եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք, ասենք, կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։