Պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ, թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև՝ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով:
«Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս:
Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով:
Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործընթաց չի իրականացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև՝ արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը: