«Հարցը քաղաքական տիրույթում է ու պահանջում է քաղաքական պատասխան». Սամվել Մարտիրոսյանը՝ Google-ին Ադրբեջանի դիմումի մասին

Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ահազանգում են, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:

ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»,- գրել էր նա։

168.amՏեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե հայկական կողմը, բացի դիվանագիտական քայլերից, ի՞նչ ճանապարհով կարող է խանգարել Ադրբեջանի այս նպատակի իրականացմանը։

«Այս հարցի քայլերի մասին պետք է ասի ՀՀ արտգործնախարարությունը։ Եթե Ադրբեջանից նման հարցում է գնացել, սա նշանակում է, որ պետք է հավասարակշիռ մակարդակի պատասխան լինի»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա, այս ամենը ոչ թե ծրագրային կամ տեխնիկական հարց է, այլ քաղաքական։

«Ակնհայտ է, որ հարցը մտել է քաղաքական տիրույթ, խնդիրն այստեղ այն է, թե Google-ի դիրքորոշումն ինչպես կարող է լինել, մինչ այդ էլ՝ կարևոր է, թե հայկական կողմն ինչ կանի։ Իհարկե, հանրային ճնշումն էլ է հնարավոր, ԱՄՆ-ում հայկական համայնքը կարող է քայլեր ձեռնարկել հանրային մակարդակով։ Բայց հասկանալի է, որ հարցը քաղաքական տիրույթում է ու պահանջում է քաղաքական պատասխան»,-եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Նշենք, որ 168.am-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար փորձում է կապ հաստատել ԱԳՆ-ի հետ, պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք։

Տեսանյութեր

Լրահոս