Հայաստանն Իրանին պետք է առաջարկի հստակ օրակարգ. Իրանագետ
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի արտգործնախարարը հայտարարել է երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջի մասին:
«Մենք պատրաստ ենք ավարտին հասցնել բոլոր նախկին նախագծերը և հիմք դնել երկու երկրների միջև նոր համաձայնագրերի համար»,- մասնավորապես ասել է Ամիր Աբդոլահիանը:
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել էին. հակաադրբեջանական տրամադրությունները Իրանում ահագնացել էին։
Այսօր արդեն իրանագետները նկատում են, որ պետական մակարդակում առնվազն այդ լարվածությունը հաղթահարված է:
«Հատկապես Իրանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներից և նաև Ադրբեջանի կողմից տարվող լուրջ աշխատանքից հետո երկու երկրների հարաբերությունները զարգանում են բավականին մեծ օրակարգով: Վերջինի հիմնական բաղադրիչը, այնուամենայնիվ, մնում է տնտեսականը, քանի որ Իրանը պատժամիջոցների պարագայում նաև հարևան պետությունների հետ տնտեսական հարաբերությունների կարիք ունի: Նախարար Ամիր Աբդոլահիանի այս այցելության ընթացքում ևս բավականին առանցքային տեղ էր զբաղեցնում Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Նա, սակայն, նկատեց, որ Իրանը չի փոխի իր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչի մասին վկայում են նաև հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու մասին ԻԻՀ-ից հնչող պաշտոնական բազմաթիվ հայտարարությունները:
Ըստ նրա՝ տարածաշրջանային նոր իրողությունների պարագայում Հայաստանն Իրանին պետք է առաջարկի հստակ օրակարգ, որտեղ կապահովվի նաև իրանական տնտեսական շահը: Այս համատեքստում Գարիկ Միսակյանը հիշեցրեց.
«Հյուսիս-Հարավի տարանցումը և Սյունիքի մարզում ստեղծված տարանցման խնդիրները, երբ իրանական բեռնատարները չեն կարողանում հաղթահարել Տաթևի հատվածի այս ճանապարհի դժվարությունները, Իրանին ստիպել է որոշակի ժամանակահատվածում իր հյուսիսային տրանզիտային տարանցման ուղիները տեղափոխել դեպի Ադրբեջան»:
Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի՝ Շահիդների պուրակ այցին՝ իրանագետը նկատեց.
«Սա Հայաստանի համար բավականին զգայական կողմ է, սակայն, ըստ Իրանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, այդ պուրակում Աբդոլահիանը խոսել է նաև Իսրայելի հետ հարաբերություններից և Պաղեստինի ազատագրումից: Այսինքն՝ նույնիսկ այդ պարագայում Իրանն իր քաղաքականությունն է առաջ տարել, որը հենց ադրբեջանական հանրապետությունը ենթադրում է առավելագույն կերպով իսրայելական ազդեցության թուլացում»: