«Ստիպված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պետք է գնանք՝ միջինը 4, 7 դրամով». ՀԾԿՀ-ի ներկայացուցիչ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սակագնի բարձրացման հարցին, պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում սակագների վերանայման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ հերթական անգամ սեպտեմբերին սկսվել է վերանայման գործընթացը։ Նպատակն է՝ գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները և դրանց արդյունքում հասկանալ՝ ընդհանուր սպառողի սակագնի վրա ազդեցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ սպառողների վերջնական սակագների վրա ազդեցություն չի ունենում, միևնույն է, համակարգի ընկերությունների սակագնի վերանայում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում»,- նշեց Աշոտ Ուլիխանյանը։
Ըստ նրա, այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանվեն նույն մակարդակում, ապա համակարգում կլիներ շուրջ 23, 8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։
«Եթե սակագների բարձրացում տեղի չունենար, այդ ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան և հուսալի էլեկտրաէներգիա մատակարարելու հետ կապված։ Հետևաբար՝ ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք, միջին սակագինն ավելանում է 4,7 դրամով։ Ըստ լարումների՝ տարբերակված գներ գոյություն ունեն, բոլոր սպառողների համար միջինը շուրջ 41 դրամ է, որը պետք է ավելանա 4,7 դրամով։ Այստեղ, սակայն, ունենք որոշակի տարբերակում և սպառման ծավալից կախված՝ գնալու ենք նաև տարբեր մոտեցումների, այսինքն՝ տարբեր մոտեցումներ են կիրառվելու և տարբեր բարձրացումներ։ Հարցը ներկայացվել է հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում, այդ ժամանակ կքննարկվի և համապատասխան որոշումը կկայացվի։ Եթե որոշում կայացվի, ապա այն մեկ ամիս հետո կմտնի ուժի մեջ, այսինքն՝ դա լինելու է փետրվարի 1-ից»,- հավելեց ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: