Բաժիններ՝

Չկա չարիք՝ առանց բարիքի, կամ «Բարսելոնան»՝ Եվրոպա լիգայում

Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հաղթանակի ակնկալիքն անհույս է թվում։ Նրա հեռանալուց հետո կատալոնացիները կորցրին առաջնորդին, խորհրդանիշին և ինքնավար հարձակողական ուժին, որն ընդունակ էր դիմակայել փոթորիկներին, որոնք շատերը չէին էլ կարող պատկերացնել:

Այս մրցաշրջանում եվրոպական արշավը աղետալի էր «բլաուգրանայի» համար: Ամեն քայլափոխի ի հայտ էին գալիս նոր մանրամասներ՝ պարզորոշ բացահայտելով այն պատճառները, թե ինչու այս թիմն այնքան էլ պատրաստ չէր ներկա հանգամանքներին։

Թերևս, «Բարսելոնայի» ամենամեծ խնդիրը հետևողական խաղալու անկարողությունն է, ինչը նրանց ցավ է պատճառել Չեմպիոնների լիգայի առաջին իսկ հանդիպումից:

Հանգուցյալ Յոհան Կրոյֆը մի անգամ ասել է, որ հաղթելու համար հարկավոր է մեկ գոլ ավելի խփել, քան մրցակիցդ: Թվում է, թե ակնհայտ հայտարարություն է, բայց ավելի կարևոր է, եթե նայեք «Բարսելոնային» հենց հիմա:

Տեսականորեն, ունենալով հարձակողական կարողությունների հարուստ զինանոց, թիմը չի կարող նվազագույն վտանգ ստեղծել հարձակման մեջ։ Իսկ երբ «Բարսելոնայի» գոլերի կեսը՝ այսպես ասած, վեց խաղում՝ երկուսը, խփում է կենտրոնական պաշտպանը, դա շատ բան է ասում:

Ինն անգամ բաց թողնելով և ընդամենը մի քանի գոլ խփելով՝ «Բլաուգրանան» գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում իրենց վատագույն դիրքում՝ մաքուր հարձակողական խաղի տեսանկյունից:

Այն թիմը, որը չի կարող գոլ խփել կամ գոնե որոշակի կայունություն պահպանել պաշտպանությունում, պարզապես չի կարող հաղթել, և հաշվի առնելով, որ այս խնդիրը միայն վատթարացավ ամբողջ արշավի ընթացքում, այն անխուսափելիորեն պետք է բերեր «Բարսային» դեպի Եվրոպա լիգա:

Ճակատամարտ, որը երբեք չարժե սկսել

«Բարսելոնան» ժամանակին պարծենում էր մարդկությանը հայտնի դիրքային խաղի ամենամաքուր ձևով: Կատալոնական գրանդը ոչնչացնում էր իր մրցակիցներին ֆուտբոլով` թույլ չտալով նրանց շունչ քաշել մինչև եզրափակիչ սուլիչը:

Դա մի թիմ էր, որը վախ էր ներշնչում բոլոր նրանց, ովքեր դեմ առ դեմ էին հայտնվում, բայց վերջին տարիներին մրցակիցների վախը վերացավ։ Իրավիճակը գլխիվայր շուռ է եկել, և այժմ «Բարսան» վախենում է Եվրոպայում արժանի մրցակցի հետ հանդիպելու հեռանկարից:

Եթե ​​«Բլաուգրանային» համեմատենք մնացած եվրոպական ծանր քաշայինների հետ, ապա թիմը տակտիկատեխնիկական տեսանկյունից անբարենպաստ վիճակում է։ Նրանք դեռևս չունեն բավականաչափ կրակային ուժ՝ իրենց մայրցամաքային գործընկերների հետ հավասար մրցակցելու համար։

Պարզապես հիմա անհնար է, օրինակ, «Բավարիայի» և «Բարսայի» միջև անհատական ​​կամ հավաքական համեմատություն անել։ Անկասկած, սա այն թիմն է, որի հետ պետք է հանդիպեին կրկնակի թրեբլների հաղթողները, եթե դուրս գային Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Միգուցե սա հոռետեսությունից ծնված հարց է, բայց արդյո՞ք արդարացված իմաստ կար Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու հարցում, եթե այնտեղ մրցակիցն այդ մակարդակի լիներ։

Եթե, իհարկե, ակումբը ղեկավարում են մարդիկ, ովքեր հաճույք են ստանում ամեն տարի նվաստացուցիչ պարտությունից առանց բացառության, և մենք գիտենք, որ դա այդպես չէ, ապա ընտրական խաղերի հաջորդ փուլ գնալն իրականում անօգուտ կլինի:

Վերջին մի քանի տարիների ընթացքում հիշարժան պարտությունների արդյունքում թիմի բարոյական վիճակն անշեղորեն անկում է ապրում: Բանը հասավ նրան, որ յուրաքանչյուր բաց թողած գոլ արթնացնում է տրավմատիկ հիշողություններ այս ոչ հեռավոր անցյալի մասին և վնասում է բոլոր մասնակիցներին։ Սա հանգեցնում է մշտական ​​հանձնվելու նույնիսկ ամենաթույլ հակառակորդների դեմ, ինչի օրինակ է Վիգոյի «Սելտայի» դեմ մենամարտը, որը տանը ապշեցուցիչ ոչ-ոքիով ավարտեց «Բարսելոնայի» հետ։

Փրկության հնարավորություն

Եվրոպա լիգան ու Չեմպիոնների լիգան անհամեմատելի են հեղինակությամբ ու պատվով։ Մեկն ավանդաբար ընկալվում է՝ որպես երկրորդ կարգի թիմերի մրցաշար, իսկ մյուսն աշխարհի ամենամեծ ակումբային մրցաշարն է։

Առաջինի դեմ վեճերը կարող են լինել կամ չլինել արդարացի, բայց օբյեկտիվորեն ճշմարտությունն այն է, որ դա համեմատաբար պակաս նշանակալից վերնագիր է:

«Բարսելոնայի» դեպքում ֆուտբոլիստները պարզապես չեն կարող ընտրություն կատարել: Եվրոպայի ամենամեծ ակումբային գավաթի համար պայքարում կատալոնացիների համար ուղղակի անիրատեսական են հեռանկարները: Եթե ​​թիմը ցանկանում է վերականգնել կորցրած պատիվը, ապա Եվրոպայի լիգան դրա համար, թերևս, լավագույն հնարավորությունն է։

Մրցաշարին հաճախ դժգոհում են «հարազատ տղաների» չափից դուրս ներկայությունից, որոնք իբր խլում են մրցույթի արժեքը։

Երկրպագուներն ավելի մեծ խանդավառությամբ են դիտում, թե ինչպես են եվրոպական թոփ հինգ լիգաների երկու ծանր քաշային թիմերը պայքարում մինչև հանդիպման վերջին վայրկյանները, քան արևելյան Եվրոպայի մի քանի թիմերի դեմ առ դեմ պայքարը:

Այս փաստարկը քիչ արժեք ունի, քանի որ այս թիմերից շատերը դուրս են մնացել խմբային փուլից: Նոկաուտ փուլում մնացել են եվրոպական լավագույն թիմերից մի քանիսը, որոնք հեշտությամբ կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի վերջին փուլերին։

Այս դեպքում Եվրոպա լիգան դառնում է հնարավորություն, քանի որ թիմը կարող է դիմակայել նույն, եթե ոչ՝ իրենից մի փոքր բարձր կարգի հակառակորդների՝ առանց հոգեբանական տրավմա ստանալու հավանականության, որը կրել է 2020 թվականի օգոստոսի նման պարտությունների արդյունքում։

Այնպիսի մրցակիցների դեմ, ինչպիսիք են ՌԲ «Լայպցիգը», «Ատալանտան», «Վեսթ Հեմը», «Զենիթը» և «Նապոլին», Չավի Էրնանդեսը հնարավորություն կունենա ցուցադրելու թիմի աճը մրցակիցների ֆոնին և, հնարավոր է, թիմում հաղթական ոգի սերմանի:

Բացի Եվրոպայի լիգայում հաղթելուց, նպատակը կարող է լինել վաղուց կորցրած մարտական ​​ոգու վերականգնումը` հեղինակավոր մրցակիցների դեմ արժանի գավաթ նվաճելով:

Անփորձ լողորդին խորը ջրի մեջ գցելը լավագույն մոտեցումը չէ, եթե նպատակը նրան լողալ սովորեցնելն է: Եթե ​​«Բարսելոնան» դուրս գար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, ապա թիմը ոչ մի հնարավորություն չէր ունենա։

Կարճաժամկետ հեռանկարում թիմը հնարավորություն կունենա շտկելու անցյալի սխալները, իսկ երկարաժամկետ հեռանկարում «բլաուգրանաները» հնարավորություն կունենան ապագայի համար հիմքեր դնել հաղթական հիմքով: Սա մի իրավիճակ է, երբ ամեն ինչ պետք է այսպես գնա։

Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու ավելի իրատեսական հնարավորություն

Այս պահին թվում է, թե Լա Լիգան պարտված է «Բարսելոնայի» համար։ Կատալոնացիները այժմ միայն 7-րդն են Լա լիգայում։

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում տեղին, ապա դա նույնպես մեծ հարց է։ Այս պահին, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը, միակ եվրոպական մրցաշարը, որին «կապտանռնագույնները» իսկապես կարող են հավակնել գալիք մրցաշրջանում, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգան և Կոնֆերանսի լիգան են։

Այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Ատլետիկոն», «Սևիլիան», «Ռեալ Սոսյեդադը» և «Բետիսը», շատ ավելի լավ են կառավարվում, քան ներկայիս «Բարսելոնան»: Հաշվի առնելով որակի այս անհավասարությունը, և՛ տակտիկապես, և՛ տեխնիկապես, «Բարսելոնայի»՝ ավանդական ձևով Եվրոպայի առաջատար ակումբային մրցաշարում հայտնվելու շանսերը փոքր են:

«Բարսելոնան» կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Մրցույթի ձևաչափի համաձայն՝ Եվրոպա լիգայի հաղթողը կստանա Չեմպիոնների լիգայի ավտոմատ ուղեգիր։

Սա ձեռքբերում կլիներ Լա Լիգայի համար՝ որպես ազգային մրցաշար։ Եթե ​​«Բարսելոնան» չկարողանա եզրափակել լավագույն քառյակում, ապա Եվրոպայի լիգայի պոտենցիալ հաղթանակը կարող է նշանակել, որ Իսպանիայի առաջնությունը կունենա Չեմպիոնների լիգայի հինգ ներկայացուցիչ:

«Բարսայի» համար, որպես թիմ, Եվրոպա լիգայի 11 հանդիպումները մրցունակ թիմերի դեմ կապահովեն զգալի տակտիկական պատրաստվածություն Չավի Էրնանդեսի և նրա թիմի համար: Ֆինանսական բոնուսները Եվրոպայի լիգայում հաղթելու և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար լրացուցիչ խթաններ են այս երկրորդ կարգի մրցաշարում խաղալու համար:

Այս մրցաշրջանը ոչ մի երաշխիք չի տալիս հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա մտնելու հարցում։ Քանի որ «Բարսելոնան» հնարավորություն ունի որակավորվելու, նույնիսկ ոչ այնքան «պատվավոր» ձևերով, ապա նրանք պետք է գրկաբաց ընդունեն այս հնարավորությունը: Ավելի լավ է զոհաբերել վեց ամիս, քան մեկ տարի հաջորդ մրցաշրջանում, այնպես չէ՞: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մինչև մայիս։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս