Մանր պոպուլիստի խոշոր աղետները

Դասագրքային կանոն է, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության շարունակությունն է։ Այդ կանոնը տեղին է անգամ այնպիսի հակականոնիկ պետություններում, ինչպիսին է Հայաստանը։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, ինչը ոչ միայն ոգևորիչ չէ, այլ խիստ մտահոգիչ է և բացատրում է այն աղետալի վիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը։

Արդեն շուրջ չորս տարի Հայաստանում ներքին քաղաքականության հիմնական բնորոշիչը պոպուլիզմն է՝ բառի ամենալայն ընդգրկմամբ և ամենաճղճիմ դրսևորումներով։ Ներքին քաղաքականության շարժիչ ուժերն են կեղծիքը, սուտը, մատնագրությունը, թիմափոխությունը, մանր խորամանկությունը, անպատասխանատվությունը և այդպես շարունակ։ Բոլոր այդ որակները մենք ամեն օր տեսնում ու լսում ենք իշխանական պատգամավորների ելույթներում, իսկ եթե պատահում է, որ խոսում է նրանց ղեկավարը, ապա վերը նշված բոլոր բացասական երևույթները դուրս են հորդում մի քանի ամսվա չափաբաժնով։ Ընդհանուր գծերով սա է հայկական քաղաքականության պատկերն ու մեխանիզմը, որն ամբողջանում է արժեքների ու սկզբունքների լիակատար բացակայությամբ, խիստ մակերեսայնությամբ ու իրավիճակային լուծումներով։

Ահա բոլոր այս որակները, բնականաբար, որոշակի այլ դրսևորումներով, սակայն նույն բովանդակությամբ տեղափոխվում են նաև արտաքին քաղաքականություն։ Իսկ դա նշանակում է, որ կեղծիքն ու սուտը, մանիպուլյացիան ու անպատասխանատվությունը Հայաստանի անունից ու Հայաստանի դրոշի ներքո արտահայտվում է նաև միջազգային հարաբերություններում։

Եվ քանի որ համաշխարհային քաղաքականությունն այդուհանդերձ տարբերվում է հայկական պառլամենտից ու կուսակցական խառնարաններից, պոպուլիստական դիվանագիտություն վարող Հայաստանին լավագույն դեպքում լուրջ չեն վերաբերվում, իսկ ավելի հաճախ վերաբերվում են՝ որպես մեծահասակների ակումբ ներխուժած չարաճճի երեխայի, որին առաջին անգամ սաստելուց հետո  խոսակցությունը վարում են արդեն ծնողի կամ որպես ծնող ներկայացողի հետ։

Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե համաշխարհային քաղաքականության գայլերին կարող է մոլորեցնել այնպես, ինչպես իշխանական կեղծ քարոզչության հաճախորդներին։ Եթե երկրի ներսում պոպուլիզմը չարիք է, որը կարող է այդուհանդերձ հաղթահարվել քաղաքական գործընթացներով, ապա պոպուլիստական արտաքին քաղաքականությունը բազմապատիկ ավելի վտանգավոր չարիք է, որովհետև դրա հետևանքները կարող են լինել անդառնալի ու անշրջելի։

Պոպուլիստ ղեկավարների միջոցով աշխարհում լուրջ քաղաքականությամբ զբաղվողները պոպուլիստի ներկայացրած երկրից ստանում են այն, ինչը հնարավոր չէր լինի ստանալ որևէ ադեկվատ ղեկավարի պարագային։ Պոպուլիստի համար դա մեծ հաշվով հոգս չէ, քանի որ պոպուլիստի դարդը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը, այսինքն՝ ոչ թե պետական շահը, այլ ընտրազանգվածը։

Եվ քանի դեռ Հայաստանի ընտրազանգվածն ըմբոշխնում է սեփական մոլորության արդյունքը, աշխարհը Հայաստանից ստանում ու տանում է այն ամենը, որը տալու ու հանձնելու դիմաց Նիկոլ Փաշինյանն ըմբոշխնում է Հայաստանի փշրանքների ղեկավարի պաշտոնը։

Եվ ահա այսպիսի որակներով արտաքին քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հաստատման։ Վտանգավոր է, սարսափելի աստիճանի վտանգավոր։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս