Սերժ Սարգսյանի կարևոր լռությունը

Շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որն  իր մեջ պարունակում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին ուղղված կարևոր ուղերձներ։

Սերժ Սարգսյանի այդ ելույթը արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրականության, թերևս, ամենահամապարփակ գնահատականն էր, որով նա ամրագրեց ոչ միայն իր ղեկավարած կուսակցության տեղն ու դերը Հայաստանի քաղաքական ներկապնակում, այլև սահմանեց կարևոր նշաձողեր արտաքին քաղաքական գործընթացների առումով։

Դրանցից ամենակարևորը, իհարկե, վերաբերում է Արցախի հիմնախնդրին ու կարգավիճակին։ Ինչպես իր իշխանության տարիներին, այնպես էլ հիմա՝ արդեն ընդդիմության կարգավիճակում, Սերժ Սարգսյանը հետևողականորեն առաջ է մղում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը, որը եթե լայնորեն տարածված էր մինչպատերազմյան շրջանում, ապա եզակի է դարձել հետպատերազմական իրողություններում։ Հիմա Արցախի ինքնորոշման իրավունքի ու Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենալու միարժեքության մասին չեն խոսում ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունների զգալի մասը։ Չեն խոսում, որովհետև դա կարող է դուր չգալ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց հետ հայաստանյան ուժերի մեծ մասը համաձայնեցնում է սեփական քաղաքական օրակարգը։ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթի առանցքը իրականում հենց դա էր՝ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնին կամ երկրին ուղղված կոմպլիմենտի բացակայությունը։

Լայն իմաստով, Սերժ Սարգսյանի ելույթի ամենակարևոր հատվածը լռությունն էր՝ հայկական քաղաքականությունը արտաքին ուժերի հետ փոխկապակցելու թեմայով լռությունը։ Ահա այդ լռությամբ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ հայկական էր ու հայաստանակենտրոն, ինչը Հանրապետական կուսակցությանն առնվազն այս փուլում շահեկանորեն տարբերում է մյուս քաղաքական դերակատարներից։ Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերի զգալի մասը, եթե ոչ՝ բոլորը, իրենց գործողություններն ու օրակարգերը պայմանավորում են ոչ միայն ու ոչ այնքան ներհայաստանյան առաջնահերթություններով, այլ առաջին հերթին ու առավելապես՝ արտաքին քաղաքական գործընթացներով։

Դա հայկական քաղաքականությունը դարձնում է չափազանց խոցելի, և այդ իրականության մեջ քաղաքական պայքարն ընթանում է ոչ թե ազգային շահերի, այլ ուրիշ երկրների կամ կենտրոնների շահերի սպասարկման տրամաբանությամբ։ Դա է պատճառը, որ ցանկացած կուսակցության համագումար կամ որևէ այլ միջոցառում վերածվում է կամ Ռուսաստանին, կամ Արևմուտքին հաճոյանալու կամ դրանցից որևէ մեկին հայհոյելու պերֆորմանսի։ Սերժ Սարգսյանի ելույթում, սակայն, այդօրինակ որևէ միտք չհնչեց։

Հանգամանորեն ներկայացնելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացներն ու մարտահրավերները, նա դրանց հաղթահարումն այդուհանդերձ չշաղկապեց որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ գործակցությամբ։ Սա էական ու սկզբունքային տարբերություն է, որի իմաստն այն է, որ ոչ թե աշխարհաքաղաքականությունն է ներս բերվում հայկական քաղաքական դաշտ՝ վերջինը ծառայեցնելով գեոպոլիտիկ կոնյունկտուրային, ինչպես կուսակցությունների մեծ մասի դեպքում է, այլ հակառակը՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիրքավորումը բխեցվում է բացառապես ներհայկական քաղաքական օրակարգերից ու առաջնահերթություններից։

Այլ կերպ սա կոչվում է պետության ինքնիշխանություն, որը, ցավոք, ներկայումս վաճառքի է հանվել ոչ միայն իշխանությունների, այլ նաև բազմաթիվ քաղաքական դերակատարների կողմից։

Սերժ Սարգսյանը, ահա, առաջարկում է Հայաստանի խնդիրները լուծել ոչ թե ինքնիշխանության հաշվին, ինչպես վարվում են գրեթե բոլորը, այլ ճիշտ հակառակը՝ ինքնիշխանության ամրապնդման միջոցով։ Իրականում դա դժվարին ճանապարհ է, գուցե բոլոր հնարավոր ճանապարհներից ամենադժվարինը, բայց միայն այդ ճանապարհով է հնարավոր վերագտնել Հայաստանի կորսված սուբյեկտայնությունը և միջազգային քաղաքականությունում օբյեկտից վերածվել սուբյեկտի։

2018 թվականին Սերժ Սարգսյանը հեռացել է՝ իշխանությունից հեռացնելով նաև տիպիկ ու կլասիկ իշխանական, բյուրոկրատական ու նաև պատեհապաշտներից բաղկացած կուսակցությանը, որի մասին նա խոսեց նաև իր ելույթում։

Վերջին համագումարով Սերժ Սարգսյանը, ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտ է վերադարձնում արդեն տիպիկ ու կլասիկ ընդդիմադիր կուսակցության, առանց որի հայկական քաղաքականությունը վստահաբար կլիներ ավելի պակաս պետականակենտրոն, ավելի պակաս ազգային ու ավելի պակաս սուբյեկտային։ ՀՀԿ-ն արդեն այս տեսքով կրում է գրեթե բոլոր այն քաղաքական որակները, որոնց բացակայության պատճառով պետությունը հայտնվել է նման աղետալի վիճակում։

Տեսանյութեր

Լրահոս