Կենտրոնական բանկի հետքայլը

Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նախկինում արված կանխատեսումները չեն արդարանում։ Տնտեսության աճի տեմպը շատ ավելի ցածր է, քան ոչ վաղ անցյալում կարծում էին միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունները։ Որքան տարին մոտենում է ավարտին, այնքան ակնհայտ է դառնում, որ նախկինում նրանց տված գնահատականները չափազանցված էին, գուցե նաև քաղաքականացված։ Զարմանալի չէ, որ վերջին շրջանում այդ գնահատականները վերանայվում են ու նվազեցվում։

Իր նախորդ կանխատեսումից արդեն հրաժարվել է Կենտրոնական բանկը։

Կենտրոնական բանկում կարծում են, որ տնտեսական աճի վերաբերյալ իրենց սպասումներն իրականանալու շանս չունեն։ Ակտիվությունը տնտեսության մեջ ավելի թույլ է, քան ենթադրվում էր, որ կլինի։

«Տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ»,- արձանագրել են Կենտրոնական բանկում:

Այս արձանագրման արդյունքում էլ որոշել են կրկին նվազեցնել տարվա տնտեսական աճի կանխատեսումը, չնայած այն վերանայել ու բարձրացրել էին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Այն ժամանակ Կենտրոնական բանկում կարծում էին, թե տնտեսական աճը կանխատեսված 4,6 տոկոսից ավելի բարձր կլինի։ Ուստի, որոշել էին բարձրացնել և հասցնել 5,4 տոկոսի։

Հիմա կրկին իջեցնում են։ Ընդ որում, ավելի շատ, քան նախորդ անգամ բարձրացրել էին։

Տարեկան տնտեսական աճի հավանականությունն այժմ արդեն Կենտրոնական բանկում գնահատում են ընդամենը 4,2 տոկոսի սահմաններում։

Այսինքն՝ նախորդ կանխատեսումն իջեցրել են 1,2 տոկոսային կետով։

Կանխատեսումների այսպիսի կտրուկ շարժերը, այն էլ՝ նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով, ամենևին կանխատեսողի օգտին չեն։ Դրանք չեն խոսում կանխատեսման որակի մասին։ Տնտեսական անորոշություններն այս փուլում, անշուշտ, շատ են, ու դրանք ազդում են կանխատեսումների որակի վրա։ Բայց դա բոլորովին չի արդարացնում այդպիսի կտրուկ տատանողականությունը։ Հատկապես որ, շատ բաներ, որոնք տեղի էին ունենում տնտեսության մեջ, տեսանելի էին նաև նախկինում։

Դատելով Կենտրոնական բանկի արձանագրումից՝ սպասելիքները չեն արդարացել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Տարեվերջից 2 ամիս առաջ գյուղատնտեսության մեջ ունենք անկում, իսկ արդյունաբերության մեջ՝ ընդամենը 1 տոկոսին մոտ աճ։

Բայց այնպես չէ, որ նախկինում արդյունաբերության աճն ավելի բարձր էր։ Նախկինում էլ այն հիմնականում տատանվում էր 1-2 տոկոսի սահմաններում։ Իսկ թե ինչի՞ վրա էր Կենտրոնական բանկի հույսը, որ հետագայում ավելի լավ է լինելու, դժվար է որևէ կերպ բացատրել։ Նման հեռանկարներ նախկինում էլ չէին նկատվում։ Բայց նախորդ վերանայման ժամանակ Կենտրոնական բանկը հանկարծ որոշեց բարձրացնել արդյունաբերության աճի իր կանխատեսումը, այն էլ բավական կտրուկ՝ 0,7 տոկոսից հասցրեց 4,5 տոկոսի։ Ու այսօր ստիպված է հայտարարել, որ սպասումները չեն արդարացել՝ պայմանավորված աճի դանդաղումով։ Այն դեպքում, երբ արդյունաբերության աճը վերջին ամիսներին էական փոփոխության չի ենթարկվել ու եղել է հիմնականում 1 տոկոսի սահմաններում։

Ինչ մնում է գյուղատնտեսությանը, ապա այստեղ տեղի ունեցող զարգացումներն ավելի քան ակնհայտ էին։ Եվ ոչ մի նշանակություն չուներ, որ մի պահ պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության մեջ աճ էր գրանցել, այն էլ ոչ պակաս բարձր՝ ընդհուպ 6,7 տոկոս։ Գյուղատնտեսությունը լուրջ խնդիրների բախվեց դրան հաջորդող շրջանում, ու պարզ էր, որ հետևանքները ծանր են լինելու։

Ինչևէ, տնտեսության այս տարվա աճի ու սպասումների վերաբերյալ Կենտրոնական բանկի վերջին գնահատականներն ահա այսպիսին են։ ԿԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հաշվի առնելով արձանագրվող իրողությունները։ Դրանք ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը մեր երկրում գնալով դանդաղում է։ Չորս ամիս անընդմեջ ունենք ակտիվության աճի տեմպի անկում։

Լավատեսական գնահատումներով, տնտեսական աճն այս տարի կլինի առավելագույնը 4-5 տոկոսի սահմաններում՝ նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո։

Տնտեսական տարին ավարտվում է, և արդեն կան կանխատեսումներ նաև հաջորդ տարվա վերաբերյալ, բայց դրանք ևս լավատեսությամբ չեն փայլում։ Ճիշտ է, կառավարությունն իր գործունեության ծրագրով և հաջորդ տարվա պետական բյուջեով վերցրել է առնվազն 7 տոկոս աճի ապահովման պարտավորություն, այնուհանդերձ դրան հասնելու հեռանկարներն այս պահին չեն երևում։ Կառավարության նախատեսած 7 տոկոս աճին չի հավատում նաև Կենտրոնական բանկը։ ԿԲ գնահատումներով, այն բարձր կլինի այս տարի սպասվող 4,2 տոկոսից, բայց ցածր՝ 7 տոկոսից։

Հաջորդ տարվա տնտեսական աճը Կենտրոնական բանկը գնահատում է 5,3 տոկոս։

Այս տարվա համեմատ ավելի բարձր աճի ակնկալիքը կապված է կապիտալ ծախսերի հետ։

«Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական կապիտալ ներդրումներ, որոնք, ըստ էության, ընկած են մեր 2022 թվականի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում»,-  տնտեսական աճի իրենց գնահատականը հիմնավորում է ԿԲ նախագահը։

Այդ հիմնավորմամբ էլ Կենտրոնական բանկը գնացել է 2022թ. տնտեսական աճի սպասելիքների կտրուկ բարձրացման՝ նախորդ 2,4 տոկոսից հասցնելով 5,3 տոկոսի։

Որ հաջորդ տարվա համար կապիտալ ծախսերի ավելացումը կարևոր դեր կարող է ունենալ տնտեսական աճի, նաև տնտեսական աճի պոտենցիալի բարձրացման գործում, այդպես էլ կա։ Բայց չպետք է մոռանալ, թե կառավարությունն ինչպիսի ջանասիրությամբ է դրանք թերակատարում։

Նախորդ տարիներին կապիտալ ծախսերը գրեթե միշտ չեն կատարվել։ Ոչ մի հիմք չկա պնդելու, որ հաջորդ տարի դրանք կկատարվեն։ Հատկապես որ, բյուջետային կանոններով պարտադրված՝ այդ ծախսերը բավական կտրուկ ավելացվել են։ Անգամ կառավարությունը կասկածներ ունի, որ կկարողանա ամբողջությամբ իրականացնել նախատեսված կապիտալ ծախսերը ու դա համարում է տնտեսական աճին սպառնացող հիմնական ռիսկերից մեկը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս