Ժամանակակից սեր. վերջերս իմացա, որ ամուսնացել է
168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մինչ այս ներկայացված սիրո պատմությունները ունեցել են երջանիկ ավարտ. մեր հերոսներից ոմանք արդեն պլանավորում են իրենց հարսանեկան արարողությունը, ոմանք երկար տարիներ է՝ ինչ ամուսնացած են, իսկ մի զույգ անգամ իրենց սիրո պատմության հրապարակումից օրեր անց երջանկացավ՝ առաջին զավակի լույս աշխարհ գալով: Բայց մեր շուրջը շատերն ունեն պատմություններ, որոնք պարզապես լավ հիշողություն են՝ առանց ամուսնական մարշի: Հայկի պատմությունը դրանցից մեկն է, որով վերջինս պատրաստակամությամբ կիսվեց մեզ հետ մեկ պայմանով՝ լուսանկար տրամադրել չի կարող. դպրոցական սիրո հետ չունեն գեթ մեկ լուսանկար:
«Ավագ դպրոցում էինք սովորում, երբ մեր դասարան եկավ իմ առաջին սերը: Դասընկերուհիներիցս տարբերվում էր. շատ բարձրահասակ էր: Դասարանի բոլոր տղաներով իրեն սիրահարվեցինք: Մի օր ես էի կոնֆետներ դնում սեղանին, հաջորդ օրը դասընկերներիցս մեկը՝ ծաղիկներ, երրորդ օրը սեղանին փափուկ խաղալիք էր հայտնվում: Այդպես ամիսներ շարունակ տանջվեցինք ընկերներով, մինչև մի օր՝ դասերից հետո, խնդրեց ինձ իրեն տուն ուղեկցել:
Հաղթանակած էի… Հաղթանակած էի այնքան ժամանակ, միչև բաժանվեցինք: Թե ինչու, կարևոր չէ: Բայց առաջին տրավմատիկ հարաբերությունները ինձ օգնեցին կատարել մասնագիտական ընտրությունս՝ դարձա հոգեբան, իսկ ինքը դերասանուհի է, դեռ հայտնի չէ, բայց վստահ եմ՝ մեծ հաջողությունների կհասնի: Վերջերս տեսա, որ ամուսնացել է: Անչափ ուրախ եմ իր համար: Հիմա բոլորը կմտածեն՝ խեղճ տղա, տանջվում է, մենակ է մնացել (ծիծաղում է,- Ա.Գ.): Մենակ չեմ, հրաշալի ընկերուհի ունեմ և երջանիկ եմ բոլոր այն էմոցիաների համար, որոնք երբևէ ստացել եմ որևէ հարաբերությունից. դրանք դասեր են, որոնք օգնում են կառուցել առողջ կյանք»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան
Հ.Գ. Լուսանկարում պատկերված անձինք որևէ առնչություն չունեն պատմության հերոսների հետ: