Օլիմպիական խաղերի բոյկոտը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա. Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան
Տոկիոյի միանալը 2022 թվականին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի՝ ԱՄՆ-ի հայտարարած դիվանագիտական բոյկոտին կարող է վնաս հասցնել չին-ճապոնական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել էՃապոնիայում ՉԺՀ-ի դեսպան Կուն Սյուանյուն:
«Կիոդո» գործակալությունում լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա կոչ է արել Ճապոնիային՝ «ծայր աստիճան զգուշություն ցուցաբերել եւ արգելափակել նման վտանգավոր» քայլը, նախազգուշացնելով, որ դա կարող է վնաս հասցնել երկկողմ դիվանագիտական հարաբերություններին:
«Ցավոք, առանձին մարդիկ Ճապոնիայում հանդես են գալիս Չինաստանի քաղաքական համակարգի դեմ մեղադրանքներով՝ հիմնվելով իրենց կանխակալ հայացքների վրա, եւ լուրեր ու սուտ են տարածում Սինցզյանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների հետ կապված իրադրության մասին՝ կոչ անելով դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի Խաղերը»,-ասել է դիվանագետը:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել է, որ «ներկայում» իր պլանների մեջ չի մտնում այցելությունը Օլիմպիական խաղեր: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն է մարզիկների եւ ամբողջ աշխարհի երկրպագուների համար: «Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ է այն բանում, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,-ընդգծել է Վան Վենբինը:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն: Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում:
Տոկիոյում ավելի վաղ հայտարարել են, որ այդ հաշվով սեփական որոշում կընդունեն:
Չինաստանը հետեւողականորեն հերքում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադրանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին:
Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա. բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք է չի հրավիրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: