«ՊԲ-ի պաշտպանական հնարավորությունները թուլացնելը ոչ այլ ինչ է, քան դավաճանական մոտեցում. այն Ադրբեջանի ցանկությունն էր». Վիտալի Մանգասարյան
Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից կողմերը կարծես բավարարված էին, սակայն կարևոր է հասկանալ՝ այդ բավարարվածությունն ինչպես է արտահայտվելու սահմանային իրադարձությունների և մեր անվտանգային համակարգի վրա։ 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ հիշեցնելով, որ մի քանի շաբաթ առաջ Ալիևը հայտարարում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար հայկական կողմից պահանջում է հստակ ժամանակացույց, հակառակ դեպքում՝ դրան կհասնի ուժի միջոցով։
«Անկեղծ ասած, ես այնքան էլ լավատես չեմ Բրյուսելում, իսկ դրանից առաջ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում, քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս ապացուցել է, որ թքած ունի ցանկացած պայմանավորվածության վրա, և գործում է միայն իր երկրի շահերից ելնելով, և այդ շահերը հիմնականում մաքսիմալիստական են։
Իմ կարծիքով, Ադրբեջանը ապագայում նույնպես դիմելու է տարբեր սադրանքների՝ փորձելով էլ ավելի մեծ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, ընդ որում, այդ սադրանքները նույնաբնույթ և նույնաբովանդակ չեն լինելու։ Այդ մասին են հուշում նաև մամուլում տարածված այն տեսանյութերը, որտեղ երևում է, որ հակառակորդը դեկտեմբերի 10-ի սադրանքի ժամանակ կիրառել է «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ, ինչի հետևանքով ունեցանք զոհ և վիրավորներ։ Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և հասարակությունը պետք է հստակ հասկանա՝ թշնամին ոչ մի պարագայում կանգ չի առնելու, և եթե ինչ-որ փուլում օգտագործում է հրաձգային զենքեր, հրետանի և ԱԹՍ-ներ, ապա մեկ այլ փուլում դիմելու է այլ բնույթի գործողությունների, որի միջոցով փորձելու է հայկական կողմին ահաբեկելուն զուգահեռ՝ բարձրացնել նաև իր ԶՈՒ ստորաբաժանումների մարտունակության աստիճանը»,- նշեց Մանգասարյանը:
Ռազմական վերլուծաբանը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի լայնությունն ընդամենը 5 կմ է, որից դուրս ադրբեջանական կողմն արդեն հասցրել է մի քանի զորամասեր բացել՝ Սյունիքից մի քանի կմ հեռավորության վրա, ինչը անվտանգային տեսանկյունից իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։
«Եթե Լաչինի միջանցքի հատվածում անվտանգության ապահովումը դրված է ռուս խաղաղապահների վրա, ապա Սյունիքում, որը սահմանակից է Լաչինի միջանցքին, այդ պատասխանատվությունը ՀՀ ԶՈՒ ուսերին է, և որքան ուժեղ լինենք այդ հատվածում, այդքան ավելի անվտանգ կլինի այս միջանցքով մեր հայրենիքի Արցախյան հատվածին կապող հատվածը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Դեկտեմբերի 13-ին Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր հրավիրվել, որի օրակարգում «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:
Օրենսդրական նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով: Արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտները ու կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով, Արցախում ոստիկանության զորքերի ստեղծումը և ժամանակի ընթացքում այդ զորքերին տարբեր զինտեխնիկայով զինելը որևէ կերպ չպետք է փոխի Արցախի պաշտպանական բանակի ֆունկցիաները։
«Ոստիկանությունը և ուժային այլ կառույցները կարող են միայն օգնել ՊԲ-ին անվտանգության կազմակերպման գործում։ Արցախյան կողմից տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում Արցախի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են և ՊԲ-ն: Եվ որքան էլ ՀՀ-ից տարբեր չինովնիկներ փորձեն այդ փաստը լղոզել և այդ անվտանգության հարցերը փորձել կապել սոցիալական բնույթի տարբեր ծրագրերի հետ, փաստ այն է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմից հետո Արցախի անվտանգային հարցում ամենավերջին դերակատարն է: Եվ այս իրավիճակում կամ առնվազն այս փուլում, Արցախի պաշտպանական բանակը հույսը պետք է իր վրա դնի, քանի որ, որքան էլ ցավալի է հնչում, բայց ՀՀ ղեկավարությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Այս իրավիճակում եթե անգամ փորձ կատարվի ՊԲ-ի ֆունկցիաները փոխանցել ոստիկանությանը կամ մեկ այլ կառույցի, և, ըստ էության, թուլացնել ՊԲ-ի պաշտպանական հնարավորությունները, սա ոչ այլ ինչ է, քան դավաճանական մոտեցում, քանի որ դա հենց Ադրբեջանի ցանկությունն էր»,- շեշտեց Մանգասարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, որի մասին ժամանակ առ ժամանակ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ըստ ռազմական վերլուծաբանի, այս պահին միայն հայտարարությունների մակարդակում է, ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, թե կոնկրետ ինչ բարեփոխումների մասին է խոսքը, որքան ժամանակ է պահանջվելու այն իրականացնելու համար, ինչն է լինելու դրանց հիմքում:
«Նույնիսկ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն դրանց մասին, մինչդեռ, կարծում եմ, որ այդ գործընթացում պետք է ընդգրկված լինեն հասարակության հնարավորինս լայն շերտեր, մարդիկ, որոնք այս կամ այն չափով առնչություն են ունեցել և տիրապետում են բանակի խնդիրներին: Այդ շրջանակներին ներգրավելով բարեփոխումների գործընթացին, մենք ոչ միայն հնարավորինս արագ և արդյունավետ կկարողանանք իրականացնել այն, այլև զուգահեռ կլուծվի նաև բանակի հանդեպ վստահությունը վերականգնելու խնդիրը, ինչը ներկա իրավիճակում պակաս կարևոր չէ»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ թեպետ մեր հիմնական գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենալ, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով, Վիտալի Մանգասարյանն ասաց.
«Մեր երկիրը գտվում է ՀԱՊԿ անվտանգային համակարգում, մեր ռազմական դոկտրինի հիմնական ուղղությունը, ըստ էության, ՀԱՊԿ-ն է՝ ի դեմս ՌԴ-ի, սակայն նորագույն տեխնոլոգիաներին վերաբերող աշխարհի փորձը հնարավորության դեպքում պետք է մաքսիմալ օգտագործել»: