«Արմենպրեսը»՝ այսուհետ վարչապետի աշխատակազմի ճիրաններում

Տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը և, կարծես, մի վատ օրինաչափություն է ձևավորվում, որ Կառավարության նիստի օրակարգում ամեն անգամ բազմաթիվ չզեկուցվող հարցեր են ներառվում, իսկ ներառված հարցերից մի քանիսն էլ՝ իրենց հերթին, որևէ աղմկոտ և կասկածելի որոշում պարունակում։

Հավանաբար կհիշեք, որ ամիսներ առաջ չզեկուցվող հարցերից մեկով հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 60% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկություն էր հայտնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25% բաժնետոմսերը։ Նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, իսկ իրեն բաժին հասած 25% բաժնետոմսերի կառավարումն էլ վերապահեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։ Բազմաթիվ կասկածելի վարկածներ կարող են լինել, թե որքանով էր այս նվիրաբերությունը կամավոր, որքանով՝ ոչ, թե ինչ էր թաքնված այս գործարքի տակ և ինչ շահ էր հետապնդում։

Ամիսներ անց, իսկ ավելի կոնկրետ՝ դեկտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին է փոխանցվում բաժնետոմսերի մեկ այլ փաթեթ, այս անգամ՝ «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությունից։ Սա, իհարկե, նվիրաբերություն չէ, այլ հենց Կառավարության որոշում։ Այսպես, Կառավարության կողմից առաջարկվել է հաստատել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների ցանկը, որի համաձայն՝ 50% բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, 25% բաժնետոմսերի կառավարման լիազորությունը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին, և ևս 25% բաժնետոմսերի կառավարման լիազորությունը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին:

Կառավարությունը «Արմենպրեսի» բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող ներկայացուցիչների ցանկում փոփոխության կատարումը հիմնավորում է այն բանով, թե նշյալ սուբյեկտների ցանկում ընդգրկելը կապահովի ներկայացուցչականություն, և պետական մարմինների հետ փոխգործակցությունը կլինի առավել արդյունավետ: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ դեռ 1918թ.-ին հիմնադրված  «Արմենպրես» լրատվական գործակալությունը Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծված պետական լրատվական գործակալություն է։ Հարկ է նշել, որ մինչ այս որոշումը, «Արմենպրեսի» բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող ներկայացուցիչների ցանկն ուներ հետևյալ տեսքը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ 50%, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար` 25%, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` 25%։ Առնվազն տարակուսելի է, որ նախորդ ցանկի բաշխումով Կառավարությունը փոխգործակցությունը գնահատել է ոչ արդյունավետ։ Կամ գուցե ցանկություն կար կառավարումն ամբողջությա՞մբ կենտրոնացնել վարչապետին կից աշխատող կառույցների ու անձանց ձեռքում։ Հիշեցնենք նաև, որ մինչ օրս Մանե Գևորգյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հաստիքը դեռ թափուր է, իսկ ըստ մամուլում տարածվող լուրերի՝ մամուլի քարտուղարի գործառույթները ոչ պաշտոնապես իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը։

Հետաքրքրական է նաև, որ որպես տվյալ որոշման հիմք՝ սկզբում ներկայացվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը, սակայն, ինչպես կարելի է տեսնել որոշմանը կից ամփոփաթերթում, Արդարադատության նախարարությունը լուրջ թերություններ էր գտել ձևակերպման մեջ։ Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը, տալով իր եզրակացությունը, նշում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին), ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին, այսուհետ` լիազորված մարմնին: Վերոգրյալից հետևում է, որ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կարող է վերապահվել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին, հետևաբար՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին վերապահելու վերաբերյալ դրույթները չեն բխում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներից:

Այս ամենից ելնելով՝ Արդարադատության նախարարությունն առաջարկել է նախագծով նախատեսվող փոփոխությունները վերանայել և համապատասխանեցնել օրենքի պահանջներին: Բացի այդ, Արդարադատության նախարարության կողմից տրված եզրակացության մեջ նշվում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու լիազորություն վերապահված չէ, և հորդորել որոշման նախաբանում հղում կատարել այն իրավական ակտին, որով ՀՀ կառավարությունը լիազորված է ընդունելու հիշյալ որոշումը: Կառավարությունը, գնահատելով Արդարադատության ջանքերն առավել քիչ խոցելի որոշում ստորագրելու, կատարել է այդ փոփոխությունները՝ որոշման հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը։

Ակնհայտ է, որ սա իշխող քաղաքական ուժի ևս մի փորձն է ինֆորմացիոն դաշտում նոր շոշափուկներ գցելու՝ այն ֆոնին, երբ իրենք անդադար խոսում են այս կամ այն լրատվական միջոցի ծախված լինելու, այս կամ այն անձի շահերին ծառայելու և կոռումպացված լինելու մասին։ 

 

Տեսանյութեր

Լրահոս