Թուրքիայի հետ հարաբերություններ՝ «Մոռանում ենք և բարգավաճում» սկզբունքով

Հայ-թուրքական հարաբերություններում ինտենսիվ գործընթացներ են սկսվել։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Ստամբուլ-Երևան չվերթերի վերագործարկման, երկու երկրների կողմից բանագնացներ նշանակելու, անգամ Երևանում դեսպանատուն բացելու հնարավորության մասին։ Հայաստանը ևս պաշտոնապես հաստատել է բանագնացներ նշանակելու պայմանավորվածությունը՝ շեշտելով, որ միշտ պատրաստ է եղել առանց նախապայմանների բանակցությունների։

Զուգահեռաբար՝ պաշտոնական Անկարան բոլոր առիթներով հայտարարում է, որ ցանկացած քայլ կատարելու է Ադրբեջանի հետ խորհրդակցելով։

Այս գործընթացն իր մեջ պարունակում է՝ ինչպես լուրջ հնարավորություններ, այնպես էլ՝ շոշափելի սպառնալիքներ։ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ինքնին դրական գործընթաց է, քանի որ պարզ է՝ շատ ավելի լավ է ապրել հարևան երկրի հետ հաշտ ու բաց սահմաններով, քան թշնամանքի ու փակ սահմանների պայմաններում։ Բայց այդ հնարավորությունն իր մեջ պարունակում է նաև սպառնալիքներ, որովհետև չափազանց կարևոր է գինը, որը Հայաստանը կարող է վճարել այդ հնարավորության դիմաց։

Հայաստանը հերթապահ հայտարարություններ է անում առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին։ Բայց դա կարող է լինել միայն հրապարակային մտավարժանք։ Շատ կարևոր է հարցի պատասխանը՝ արդյոք Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Պատասխանը, ցավոք, բացասական է։ Հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններով առաջադրել են իրենց նախապայմանները, որոնք գրեթե ամբողջությամբ բավարարվել են Հայաստանի կողմից, վերջին ամենացայտուն օրինակը թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնություն համարվող «3+2» ձևաչափով բանակցություններին Հայաստանի մասնակցությունն էր։

Այսինքն՝ Թուրքիան տեսնում է, որ գործ ունի Հայաստանի այնպիսի իշխանության հետ, որը գործնականում պատրաստ է բավարարելու ցանկացած նախապայման՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակի նվեր է Թուրքիայի համար, որը Հայաստանի այսօրվա ռեժիմի շնորհիվ կարող է հասնել այն ամենայնին, ինչն անհնարին է եղել նախկին բոլոր իշխանությունների օրոք։ Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը սկսվում է այս ելակետային պայմաններով՝ պատերազմում պարտված, ջլատված պետություն և գրեթե ամեն ինչ զիջելու պատրաստ իշխանություն։

Իրականում սա շատ ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի համար, քան բոլոր աշխարհաքաղաքական գործոններն ու թուրքական խորամանկությունները՝ միասին վերցրած։ Իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական հաշտեցումն այս իրավիճակում, այս ելակետային պայմաններով Հայաստանի համար պարունակում է բազմապատիկ ավելի սպառնալիքներ, քան հնարավորություններ։

Ակնհայտ է, որ Թուրքիայի նախապայմաններից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, լինելու է Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, պահանջատիրությունից հրաժարումն ու ընդհանրապես Ցեղասպանության մոռացումը։

Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է դրան, համենայնդեպս, վերջին մեկ տարվա ընթացքում «հայոց ցեղասպանություն» եզրն ընդհանրապես դուրս է եկել հայկական դիվանագիտության բառամթերքից, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ցեղասպանություններին նվիրված իր պաշտոնական վերջին փաստաթղթում ընդհանրապես չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե մինչև 2018 թվականը հայկական դիվանագիտության հիմքում դրված էր «Հիշում ենք և պահանջում» սկզբունքը, ապա հիմա Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունների է գնում «Մոռանում ենք և բարգավաճում» կարգախոսով։

Չէ՞ որ նա ասել է՝ ապագա կա՝ ցույց տալով, որ իր պատկերացրած ապագան հնարավոր է միայն անցյալի ջնջման ու վարկաբեկման միջոցով։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս