Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել…
Դեկտեմբերի 10-ին Գալշոյան փողոցում բնակարանային գողություն էր եղել: Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել:
Այդ ընթացքում ինչ-որ մեկը պատուհանի տակ սանդուղք էր դրել, բարձրացել, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանը և տնից գողացել ոսկյա զարդեր ու փող։
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել:
Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից երկու ժամ անց՝ Նոր Նորքի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:
Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները։ Դրանք փաստում էին, որ կասկածյալը տուժողի հարևանն է՝ Գալշոյան փողոցի 44-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Կասկածյալը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: