«Արարատ Միրզոյանը չէ՞ր, որ ասում էր՝ գերագույն գլխավոր հրամանատարն է, չշշկռեք. բա էդ գերագույնը ինչո՞ւ էր անտեր թողել էդ զինվորներին». Էլինար Վարդանյան
«Պատերազմից մեկ տարի անց մենք դեռ Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց հարցը չկարգավորվեց անպատասխանատու իշխանության պատճառով: Այդ տղաները մեկ տարուց ավելի է՝ գտնվում են Ադրբեջանի բանտերում: Նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, և դա ֆիքսել է Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ): Ցավալիորեն պետք է ասեմ, որ ԱԺ-ում ՄԻՊ-ի արձանագրությունները կասկածի տակ դրվեցին ԱԺ նախագահի կողմից: Հետագայում դա դարձավ հաղթաթուղթ ադրբեջանցիների համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով գերիների կալանավորումներին ու նրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարություններին:
Էլինար Վարդանյանի խոսքով՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետությունը, որ պատասխանատու է իր յուրաքանչյուր քաղաքացու, զինվորի համար, ոչինչ չի անում:
«Ընդ որում, այդ զինվորը հայտնվել է ռազմագերու կարգավիճակում ոչ թե իր մեղքով: Բան ունեմ ասելու. 18 տարեկան են, միգուցե վախեցել են, չեն կողմնորոշվել, բայց այդ զինվորին անտեր էր թողել պետությունը սահմանում, այն տարածքներում, որոնք մի ստորագրությամբ հանձնվում էին ադրբեջանցիներին: Հիմա այս իրավիճակում, առանց փամփուշտ, առանց զինտեխնիկայի, զրահաբաճկոնի ու սաղավարտի թողած զինվորներին ասում են՝ դեռ քննելու ենք, տեսնենք, թե դուք ինչ պայմաններում եք հանձնվել գերի՞»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Վերջինս տարակուսում է՝ իսկ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում պատերազմի համար առաջին պատասխանատուները:
«Արարատ Միրզոյանը չէ՞ր, որ ասում էր՝ գերագույն գլխավոր հրամանատարն է, չշշկռեք: Բա էդ գերագույն գլխավոր հրամանատարն ինչո՞ւ էր անտեր թողել էդ զինվորներին, որոնք հայտնվեցին ռազմագերու կարգավիճակում: Բա էդ դեպքում մնացած գործե՞րն ով է քննելու»,- նշեց պատգամավորը:
Էլինար Վարդանյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ չեն քննում այն հանգամանքը, որ մոտ 40 անձ, ում գերու կարգավիճակը փաստվել էր տեսաձայնագրություններով, լուսանկարներով, Հայաստան վերադարձվեցին արդեն սպանված:
«Բա դրա՞ համար ով է պատասխանատվության ենթարկվելու: Հեշտ է բորբոքվելը, մանիպուլյացիաների դիմելը, մինչդեռ այս ընթացքում մեր տղաները գտնվում են թշնամու բանտերում: Օրինակ են բերում Իսրայելին: Դուք ինչի տեղյա՞կ եք՝ Իսրայելը ոնց է վերաբերվում իր քաղաքացիներին, որ մի հատ էլ Իսրայելի օրինակն եք բերում: Մի քաղաքացու համար Իսրայելը պատրաստ է գնալ այնպիսի զոհողությունների, որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Վերջինիս վրդովեցրել էր նաև իշխանությունների վերաբերմունքն առհասարակ հարցի նկատմամբ:
«Ծնողները մեկ տարի շարունակ իրենց երեխաներից տեղեկություն չունեն, ոմանց երեխաներն անհայտ կորածների մեջ են, մյուսները գիտեն, որ իրենց երեխաները Բաքվի բանտերում են, և այս պայմաններում երկու օր շարունակ իրենց անպատասխանատու հայտարարություններից հետո չեն հանդիպում ծնողների հետ, երկու օր որևէ մեկը որևէ կերպ չէր արձագանքում»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ ծնողները, ում հետ իրենք հանդիպել էին ԱԺ-ի ու կառավարության մոտ բողոքի ակցիաների ժամանակ, հետաքրքիր արձանագրում են կատարել:
«Մեզ մեկ տարի շարունակ իշխանությունները խաբում էին, որ տղաները Բաքվի բանտերից չեն գալիս, որովհետև ընդդիմությունը ցույցեր է անում, ասում էին՝ ինչքան ընդդիմությունը ցույցեր անի, այնքան երկարելու է ձեր տղաների վերադարձը, բայց փաստորեն իրենք էլ ֆիքսեցին, որ դա էլ հերթական սուտն էր ու մանիպուլյացիան, և ամենևին իրենց անճարությունը կապ չունի ընդդիմության հետ»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Նա նաև նկատեց, որ հետաքրքիր գիծ է նկատել իշխանությունների արած հայտարարությունների մեջ:
«Մի օր Նիկոլ Փաշինյանն է ԱԺ-ում հայտարարություն անում գերի ընկնելու հանգամանքները քննելու վերաբերյալ: Դրանից հետո Արծրուն Հովհաննիսյանը, ով 44 օր շարունակ փառահեղ ստում էր, մոլորության մեջ գցում ողջ ժողովրդին, գրառմամբ հանդես եկավ մի զինծառայողի մասին, որ տեսեք՝ հերոս է, գերի չի ընկել, ինքն իրեն պայթեցրել է: Բայց այդ ձևակերպումը ի՞նչ է, նշանակում է, որ մյուս գերի ընկածները հանցագործնե՞ր են: Մեկ էլ հետո գալիս է Ալեն Սիմոնյանի տեսաձայնագրությունը: Ըստ էության հասկանալի է, որ սա մի գիծ է, որ իրենց վրայից գցեն պատասխանատվությունը, որ կրում են՝ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Պատգամավորը վստահ է՝ ցանկացած պետության մեջ, ուր բարձր են գնահատում պետական շահը, նման հայտարարություններ կատարած պաշտոնյաները վաղուց հրաժարականներ ներկայացրած կլինեին:
Մանրամասները՝ տեսանյութում