Բաժիններ՝

Պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչի հետ նախնական համաձայնությամբ, անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք, ոչնչացրել է անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակները, ստուգման վերաբերյալ կազմված ակտում ներառել է կեղծ տեղեկություններ և հանձնել, ինչպես նաև ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016թ. նոյեմբերի 1-21-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից իրականացրած ստուգումների ընթացքում նշված մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր 738.000 ՀՀ դրամ, որից հետո հիշյալ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող՝ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը և նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչը նախնական համաձայնության են եկել՝ վերոնշյալ անտառպետության անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ:

Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. նոյեմբերի 18-ին տեսչության պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառքը՝ 500.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում նշված տեսչության վերոնշյալ բաժնի ավագ պետական տեսուչի հետ քննարկել և ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված հաշվեգնահատման ցուցակները: Տեսչության պետի տեղակալը կազմել է ստուգման ակտը, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ բնությանը պատճառված վնասի վերաբերյալ և հանձնել այն:

Նշվում է, որ բացի այդ, 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված և տեսչության պետի տեղակալի կողմից վերահսկվող ստուգումների արդյունքում «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 426 ծառ՝ բնությանը պատճառված ընդհանուր 9.595.000 դրամ վնասով: Դրանց իրական ծավալները թաքցնելու նպատակով, տեսչության պետի տեղակալի թողտվությամբ, ստուգումների ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներում նվազեցնելով ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները՝ կազմվել և շրջանառության մեջ է դրվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտը, որում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017թ. մայիսի 18-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման ընթացքում տեսչության պետի տեղակալը, անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները. իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամները ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը: Այնուհետև, տեսչության պետի տեղակալը ստուգման վերաբերյալ կազմել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել կեղծ ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Վերոնշյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունն ավելի վաղ ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս