Աշոտ Մինասյանի նկատմամբ անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել. ովքեր են անձնական երաշխավորություն տվողները
Դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացրել:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ թեպետ դեկտեմբերի 1-ից ազատամարտիկը կալանավորված է, սակայն մինչև այսօր այդ որոշումը պաշտպանական կողմին չի տրամադրվել:
«Չկա այդ որոշումը: Այսինքն, այնքան աբսուրդ է, ընդհանուր առմամբ, պատճառաբանությունը: Չկա պատճառաբանություն, որ դատավորը կարողանա այն ներկայացնի, որով եզրահանգել է, որ պիտի կալանավորի Աշոտ Մինասյանին: 14 օր է, այդ որոշումը դեռևս պատրաստ չէ: Ամեն օր մենք զանգահարում ենք Վերաքննիչ դատարան, որ մեզ տրամադրեն այդ որոշումը, մեզ պատասխանում են, որ պատրաստ լինելուն պես կառաքեն»,- շարունակեց փաստաբանը՝ հավելելով, որ առաջարկել են անձամբ ներկայանալ և վերցնել որոշումը:
Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել էր 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
«Այս քրեական գործով, ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ)»,- նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել էր ստորադաս դատարանների կայացրած այդ որոշումները՝ պնդելով, որ դրանցում արձանագրված հետևություններն անհիմն են, չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից:
Միհրան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազին Աշոտ Մինասյանի նկատմամբ անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել:
«Անձնական երաշխավորությունը, որ գործուն երաշխիք է, տվեցին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը և ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը»,- մանրամասնեց Աշոտ Մինասյանի փաստաբանը: