Եթե «Հայաստան» խմբակցությունը նոր թեկնածու չառաջադրի, ՔՊ-ն կզբաղեցնի նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել. օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար 15  անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը և նույնքան անգամ թեկնածուն չէր ընտրվել:

Այսօր հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրել, հետևաբար՝ ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի, տվյալ իրավասությունն անցնում է ՔՊ-ին։

«Մենք գտնվում ենք իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում և պետք է շարժվենք ըստ այդ դրույթի, այն է, որ արդեն ԱԺ իշխող խմբակցությունն իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել։ Ասեմ, որ այսօր մենք թեկնածու չենք առաջադրել, ինչը նշանակում է, որ մենք ցանկություն չունենք վերցնել ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը։ Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը կներկայացնի մեզ հնարավոր տարբերակներ»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստին ընդդիմադիր խմբակցություններից որևէ պատգամավոր չէր մասնակցում։

Տեսանյութեր

Լրահոս