«Ալեն Սիմոնյանը փնթիավարի և նագլիավարի շարունակելու է լինել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա». Արմինե Ադիբեկյան
Ընդդիմությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները ռիսկեր են պարունակում մեր արտաքին քաղաքականության համար։
«Կատարում է հայտարարություններ գերիների, անհետ կորածների, բռնի անհետացած անձանց վերաբերյալ, որոնց հայրենիք վերադարձնելը նախևառաջ իրենց պարտականությունն է։ Նաև չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է Արծվիկ Մինասյանը:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը համոզված է՝ Ալեն Սիմոնյանի «գաղտնազերծված» պահվածքը բնորոշ է իշխող կուսակցությանը. երբ off record այլ բան են ասում, հրապարակավ՝ մեկ այլ բան:
«Նույն Նիկոլ Փաշինյանն ամռանը մեկ-երկու ամիս էր խոստանում տղաներին, որոնք Բաքվի բանտերում պահպանում են հայոց պետականությունը և անկախությունը: Կես տարի անց պարզվում է, որ դեռ պետք է հասկանան՝ ովքեր են այդ տղաները և ինչու են հայտնվել գերության մեջ:
Եվ հասկանում ենք՝ իրենց հրապարակային խոսքը բխում է իրենց ներքին կուլուարային զրույցներից, որոնցի մեկի «սլիվը» տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի կատարմամբ։- 168.am–ի հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը՝ նկատելով, որ շատերը գիտեին այդ մասին, իսկ ԱԺ նախագահի մասնակցությամբ դրվագի հանրայնացումից հետո՝ կիմանան նաև նրանք, որ դեռ կուրորեն հավատում են, թե իշխող ուժն ունակ է հայամետ քայլերի,- Ո՛չ, նրանք թքած ունեն և՛ ՀՀ տարածքների, և՛ ՀՀ քաքաղացիների, և՛ սահմանները պահող զինվորների վրա. դա նրանց պաշտոնական, բարոյական դիրքորոշումն է և կեցվածքը»:
Անդրադառնալով գերությունից վերադարձած քաղաքացիների ներգրավմամբ իրավական գործընթացներին՝ ադրբեջանագետը նկատեց, որ ստիպված է համաձայնել այն մտքի հետ, որ գերեվարության յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի, սակայն կասկածի տակ դրեց այդ հետաքննությունը կատարելու այս իշխանությունների ունակությունը:
Նա նաև հավելեց, որ նման գործընթացները պետք է մեկնարկեն բոլոր տղաներին վերադարձնելուց հետո և ապա քննվեն փակ ռեժիմով:
«Այստեղ վտանգ կա, որ իսկապես, հնարավոր է՝ եղել են դեպքեր, որ մարդիկ չեն էլ փորձել դիմադրել հակառակորդին և հանձնվել են: Կարող է՝ մարդիկ դիմադրել են և ընկել են գերի, բայց գերության մեջ հայտնվել են այն իրավիճակում, որ ստիպված են եղել լրտեսությամբ զբաղվել. այսինքն՝ նրանց հետ են ուղարկել ՀՀ, որպեսզի նրանք լրտեսությամբ զբաղվեն»: Պարագանենրը պետք է ուսումնասիրվեն, և դա նորմալ պրակտիկա է, բայց դա պետք է չանեն սրանց նման տգետները, չպետք է անեն մարդիկ, որոնց պատճառով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. սա է խնդիրը, սա է տրագեդիան»:
Հրաժարական կներկայացնի՞ արդյոք Ալեն Սիմոնյանը հարցին ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ նման ակնկալիքներ չունի. «Նա «փնթիավարի և նագլիավարի» շարունակելու է լինել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա, ասեմ ավելին՝ նրա հետ աֆիլացված այդ քայլող թափթփուկները՝ ի դեմս Վահագն Ալեքսանյանի, հայտնել են, որ իշխանությունը միասնական է ԱԺ նախագահի հարցում, հրաժարական չեն ուզում և չեն ընդունի:
Ամեն դեպքում, քվեարկելու են, որ Ալեն Սիմոնյանը շարունակի կատարել իր պարտականությունները, այսինքն՝ շարունակի լինել խոսնակ և բարելավել իր ֆինանսական հարցերը, որովհետև նա ոչ մի պարտականություն չի կատարում և ՀՀ-ին ոչ մի օգուտ ո՛չ բերել է, ո՛չ էլ կբերի: Ալեն Սիմոնյանի միակ օգուտը Երևանին եղել է այն, որ Սայաթ-Նովայի աջ հատվածի դեղին գծերը հանել է, և այնտեղ այժմ մեքենաներ են կայանում»:
Ի դեպ, ադրբեջանագետի կարծիքով, գերիների և անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաներն ապարդյուն են անցնելու:
«Նիկոլ Փաշինյանը սահման պահողների փոխարեն՝ ունի իրեն պահպանողների մի մեծ կորպուս, որոնք կգան, այդ մարդկանց արագ կքշեն, և դրանով թեման կփակվի,- ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ ամռանը, երբ ընդդիմությունը ահազանգում էր, որ Փաշինյանը չի բերելու գերեվարվածներին, պետք չէ նրան հավատալ և ձայն տալ, այսօր բողոքողներից շատերը ընդդիմությանն էին մեղադրում,- Ասում էին՝ դուք եք մեղավոր. եթե ցույցեր չանեիք, Փաշինյանի հրաժարականը չպահանջեք, մեր երեխաներին Փաշինյանը հետ կբերի: Հիմա Փաշինյանը շարունակում է չլուծել գերիների հարցը, որովհետև այդ թեման իրենք փակել են իրենց համար»: